Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը ապրիլի 20-ին հատած հայ քաղաքացին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայրենադարձվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' լուրը հաստատեցին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:

 

ԼՂՀ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն էլ տեղեկացրեց, որ գերության մեջ հայտնված քաղաքացին Վագիֆ Ռոբերտի Մայիլյանն է' ծնված 1956 թվականին: «Նա «Հադրութի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության բանվոր է, հենց նոր ուղեկցեցինք Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց»,-ասաց Վիկտոր Քոչարյանը' նշելով, որ բժշկական զննությունից հետո պարզ կլինի' արդյոք անձը ենթարկվել է բռնության:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Մայիլյանը սահմանը հատել էր Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ գյուղի տարածքում: