Ադրբեջանում ինքնասպանությունների պետական վիճակագրություն չի անցկացվում, սակայն, զանգվածային լրատվական միջոցների կողմից անցկացված վիճակագրական տվյալներով' դրանց թիվն այդ երկրում տարեցտարի աճում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, 2013 թվականին Ադրբեջանում տեղի է ունեցել 535 ինքնասպանության դեպք, իսկ այս տարվա առաջին կեսին արդեն 260 դեպք:

 

Նշվում է, որ նախորդ տարիների վիճակագրության համաձայն' 2008 թվականին գրանցվել է ինքնասպանության 138, 2009 թվականին' 165, 2010 թվականին' 289, 2011 թվականին' 414, 2012 թվականին' 482 դեպք:

 

Թերթը հայտնում է, որ 2014 թվականի դեկտեմբերի 10-ին Ադրբեջանում տեղի է ունեցել զանգվածային ինքնասպանության փորձի առաջին դեպքը: 19-29 տարեկան 6 շինարարներ, բարձրանալով 12 հարկանի նորակառույց շենքի տանիք, սպառնացել են ցած նետվել, եթե չբավարարվեն չվճարված աշխատավարձը ստանալու մասին իրենց պահանջը: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ բանակցություններից եւ շինարարական ընկերության ղեկավարության հավաստիացումները ստանալուց հետո բանվորները լքել են շենքը:

 

Ադրբեջանում ամենազարհուրելի ինքնասպանության դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 26-ին: Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Զաուր Հասանովը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սաթթար Մեհբալիեւի կողմից իր ընտանիքի միակ եկամուտի աղբյուր թեյարանը ձեռքից խլելու պատճառով, հուսահատությունից պատգամավորի գլխավորած Ադրբեջանի արհեստավորների համադաշնության շենքի դիմաց բենզին է լցրել իր վրա եւ հրդեհել իրեն: Երկու օր հետո նա մահացել է հիվանդանոցում: Ես մեկ զարհուրելի դեպք էլ տեղի է ունեցել այս տարի: Բաքվի «Սովետսկի» թաղամասում տնից բռնո ւթյամբ հանված բնակչի սիրտը «պայթել է» եւ նա տեղում մահացել է:

 

Թերթը ուշադրության է հրավիրում այն փաստի վրա, որ գրանցված ինքնասպանության ոչ մի դեպք պետական պատկան մարմինների կողմից ոչ ուսումնասիրվում, ոչ քրեական գործ է հարուցվում, ոչ էլ որեւէ մեկը պատասխանատվության է ենթարկվում:

 

Ճանաչված փաստաբան Ասլան Իսմայիլովը թերթի հետ զրույցում ասել է, որ մեծ թվով մարդիկ կան, որոնց ինքնասպանության դիմելու սահմանի հասցրել են իշխանության մեջ ներկայացված որոշակի անձինք: Սակայն, այդ մահվան դեպքերի վերաբերյալ ոչ մի քրեական գործ չի բացվել:

 

«Խայատառակություն է, երբ բոլոր հեռուստաալիքները, իշխանության ներկայացուցիչները ցավակցում են հրապարակորեն ինքնահրկիզմամբ կյանքին վերջ դրած ղարաբաղյան պատերազմի հաշմանդամի ընտանիքին, իսկ իշխանությունները ոչ հետաքննում, ոչ էլ քրեական գործ են հարուցում այդ փաստի առնչությամբ», -ասել է փաստաբանը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ. Ադրբեջանում ինքնասպանություն կատարածներից 15-ն անչափահասներ են եղել: 13 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանությունների կողմից խախտվելու, կաշառք պահանջելու եւ այլ պատճառներով: