Ադրբեջանում այսօր ինքնասպանությունների թվի աճ է դիտվում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը' չնշելով որևէ կոնկրետ թիվ:

 

 

Նրա խոսքով' դատախազությունը լրջորեն հետաքննում է ինքնասպանության յուրաքանչյուր դեպք, որից հետո հանձնարարկաններ է տալիս համապատասխան կառույցներին:

 

 

Զաքիր Գարալովը խուսափել է նշել Ադրբեջանում աճող ինքնասպանությունների թվի իրական պատճառները:

 

 

Ըստ ադրբեջանական մամուլի' Ադրբեջանում ինքնասպանությունների իրական պատճառը քաղաքացիների ծանր տնտեսական, բարոյահոգեբանական վիճակն է, երկրում տիրող համատարած կոռուպցիան, չինովնիկների կամայականություններն ու կաշառակերությունը:

 

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 162 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ն անչափահասներ են եղել, երկուսը' ղարաբաղյան պատերազմի վետերան և հաշմանդամ:

 

 

2015 թվականի ընթացքում Ադրբեջանում քաղաքացու ինքնահրկիզման դիմելու արդեն 14 դեպք է տեղի ունեցել, որից 7-ը մահվան ելքով ավարտ է ունեցել:

 

 

2014 թ-ին այդ երկրում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 50-ը անչափահասներ են եղել:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

 

Ադրբեջանում 2010 թվականին երեխաների ինքնասպանության 51 դեպք է գրանցվել, 2011 թվականին' 28, 2012 թվականին' 60, 2013 թվականին' 71 դեպք:

 

 

Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու և այլ պատճառներով:

 

 

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանում ինքնասպանությունների խնդրի հետ կապված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից Բաքվում կազմակերպված լսումների մասնակիցները հայտնել են, որ Ադրբեջանում 2008 թ-ին 138, 2009 թ-ին' 165, 2010 թ-ին' 289, 2011 թ-ին' 414, 2012 թ-ին' 482 ինքնասպանության դեպքեր են գրանցվել: 2013 թ-ին 920 ինքնասպանության դիմելու փորձ է կատարվել, որոնցից առնվազն 500-ն ավարտվել է մահվամբ:

 

 

Ադրբեջանի «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Ադրբեջանում ինքնասպանութունների աճը հասարակության մեջ աճող ագրեսիայի արդյունք է: Նրա կարծիքով' ինքնասպանությունը բողոքի ակցիա է: «Երբ մարդուն ոչ պետությունը, ոչ էլ հասարակությունը ուշադրություն չեն դարձնում, նա իր ձայնը լսելի է դարձնելու համար ինքնասպան է լինում»,- հայտարարել է ադրբեջանցի հոգեբանը:

 

 

Ադրբեջանում ինքնասպանությունների նման աննախադեպ ալիքը կանխելու համար անգամ Բաքվում հատուկ ֆլեշմոբ է անցկացվել: