Ադրբեջանի զինված ուժերում մեծացե լ են այնպիսի հանցագործությունների թիվը, ինչպիսիք են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, սեփականության հետ կապված եւ առողջությանը կանխամտածված կերպով ծանր վնաս հասցնելու հանցագործությունները:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի զինվորական դատախազության 2014 թվականի առա ջին կիսամյակի արդյունքներին եւ առաջիկա խնդիրներին նվիրված օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի հանրապետական զինդատախազ, իրավաբանության գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիեւը:

 

Նշվում է, որ նման հանցագործություններն ապագայում կանխելու եւ վերացնելու համար տարածքային զինվորական դատախազներին համապատասխան շրջաբերականներ եւ միջոցառումների պլաններ են իջեցվել:

 

Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա, կամ հանդիսանում են ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության, ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք: