Ադրբեջանում, հատկապես Բաքվում, մեծացել է թմրամոլ անչափահասների թիվը: Նրանց մեծ մասը վերջին շրջանում սկսել է օգտագործել համեմատաբար էժան թմրանյութեր' տուրք տալով այսպես կոչված «սոսինձ շնչելու» եղանակին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը:
Մասնագետները նշում են, որ բժշկակենսաբանական առումով թունամոլությունը ոչնչով չի տարբերվում թմրամոլությունից եւ ավելի էժան է նստում: Թունամոլներն ամենաշատն օգտագործում են քիմիական նյութեր, այդ թվում' աշխարհում լայնորեն տարածված «սոսինձ շնչելու» մեթոդով:
Բժիշկների խոսքով' թունամոլությունն ազդում է մարդու ներքին օրգանների, իսկ ամենաշատը' թոքերի եւ գլխուղեղի բջիջների վրա եւ ժամանակի ընթացքում կախվածության մեջ դնում նրան: