2016 թվականի հունիսի 1-ի դրությամբ Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 34,4 հազար հոգի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է oxu.az լրատվական կայքը' հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:
Նշվում է, որ հունիսի 1-ի տվյալներով, Ադրբեջանում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմել է 4 մլն 945,2 հազար հոգի, որոնցից 4 մլն 700,3 հոգին են տնտեսապես աշխատունակ համարվել:
2016 թվականի հունիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի զբաղվածության մարմինների կողմից պաշտոնապես գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց թիվը կազմել է 34 հազար հոգի, որոնց 37,8 տոկոսը կանայք են:
Modern.az լրատավական կայքը' հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը, դեռեւս ապրիլին հայտնել էր, որ պաշտոնական տվյալներով' անցյալ տարի 40450 վերացված աշխատատեղերի 19,2 տոկոսը փակվել է առեւտրի, փոխադրամիջոցների վերանորոգման բնագավառում, 15,5 տոկոսը' տրանսպորտի եւ պահեստային տնտեսության, 8,3 տոկոսը' շինարարության, 6,4 տոկոսը' պետական կառավարման, պաշտպանության եւ սոցիալական ապահովման, 5,5 տոկոսը' վերամշակող արդյունաբերության, 4,7 տոկոսը' մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության բնագավառներում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների արագորեն նվազման, ադրբեջանական ազգային արժույթի' մանաթի փոխարեժքը 100 տոկոսով ընկնելու հետեւանքով հիմնականում նավթարդյունաբերությունից կախված Ադրբեջանում փակվել են մեծ թվով պետական եւ մասնավոր ձեռնարկություններ, բանկեր եւ հաստատություններ, ինչի հետեւանքով վերացվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր: 2015 թվականին եւ 2016 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Ադրբեջանում փակվել է 8 բանկ:
Marja.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ 2016 թվականի հունվար-փետրվարին Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել, վարկային փոխառուների թիվը հասել է 2,6 մլն մարդու: