Հայաստանում 2017 թվականի ապրիլին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 95 հազար 418, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0.6 տոկոսով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` նրանց թվում` ապրիլին գործազուրկները կազմել են 79 հազար 716 մարդ, ինչը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 1.2 տոկոսով:
Աշխատանք փնտրողներից 61 հազար 669-ը կանայք են, իսկ 33 հազար 476-ը` տղամարդիկ: Մեկ տարվա ընթացքում աշխատանք փնտրող կանանց թիվը նվազել է 1.3 տոկոսով, իսկ տղամարդկանց թիվն ավելացել 4.3 տոկոսով:
Ապրիլին գործազուրկ կանանց թիվը նվազել է 4.5 տոկոսով` կազմելով 52 հազար 317, իսկ տղամարդկանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8 տոկոսով` կազմելով 27 հազար 399:
Երևանում ապրիլին աշխատանք են փնտրել 15 հազար 823, Շիրակում՝ 17 հազար 106, Կոտայքում` 10 հազար 892, իսկ Լոռիում` 10 հազար 587 մարդ: Աշխատանք փնտրողների թիվը հարաբերականորեն պակաս է Վայոց Ձորում` 2 հազար 138 և Սյունիքում` 3 հազար 987 մարդ:
Գործազուրկների թիվը բարձր է Շիրակում` 14 հազար 66 մարդ, Երևանում` 12 հազար 184: Համեմատական առումով առավել քիչ գործազուրկներ կան Վայոց Ձորում` 1 հազար 535 և Սյունիքում` 3 հազար 700 մարդ:
2017 թվականին ապրիլին աշխատանքով է ապահովվել 812 մարդ, նրանցից 513-ը` կին, իսկ 299-ը` տղամարդ:
2017 թվականի ապրիլին չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 743, որից 57-ը պետական, իսկ 686-ը` մասնավոր հատվածում: