ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը տվել է իր արդյունքը' նպաստելով նաև ավիատոմսերի գների նվազմանը: Ազգային ժողովում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում նախարարն այս հայտարարությունն արեց ի պատասխան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանի, ով նշեց, որ «Բաց երկնքի» քաղաքականությունն արդյունք չի տվել, քանի որ ավիատոմսերի գները Հայաստանում շատ թանկ են, և մարդիկ նախընտրում են այլ երկրներ ուղևորվել Թբիլիսիի օդանավակայանից: Պատգամավորի դիտարկման հետ Կարեն Ճշմարիտյանը չհամաձայնեց՝ ներկայացնելով վիճակագրություն, որը վկայում է այն մասին, որ ավիացիայի ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունը դրական արդյունք տվել է: «2014թ. նախորդող տարվա համեմատ ուղևորափոխադրման ծավալն աճել է 20.9 տոկոսով՝ հասնելով 2 միլիոնի: Նախորդ տարի թռիչքներն աճել են 13.9 տոկոսով, իսկ ավիատոմսերի գներն իջել են 5.1 տոկոսով: Այս տարի էլ ավիատոմսերի գները նախորդ տարվա համեմատ նվազել են 14 տոկոսով: Սա վիճակագրություն է, որի հետ ոչ ոք հաշվի չնստել չի կարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նախարարը:

 

 

Նա հայտնեց, որ այս պահին ՀՀ-ից 24 ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում, որոնցից 8-ն են ռուսական ուղղությամբ աշխատում: «Այնինչ այս տեղեկատվությունը շահարկվում է, թե ռուսական ուղղություններով շատ են թռիչքները, իսկ որոշ ուղղություններ գերծանրաբեռնված են»,- ասաց Ճշմարիտյանը: