ՀՀ կառավարությանը 2018-ի ընթացքում հաջողվել է 2017-ի համեմատ 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, որը նախորդ տարվա տվյալներով գնահատվում է 23.5%: Այն ամենացածրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում: Այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը' 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:
«Ընդ որում, ծայրահեղ աղքատների թիվը 2017-ին արձանագրված 1.2%-ից նվազել է մինչև 1%: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կա կետ, որ մենք 5 տարվա ընթացքում պետք է ծայրահեղ աղքատությունը վերացնենք ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարևոր գործոնը եղել է տնտեսության աճը: Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում աղքատության մակարդակի գնահատումն իրականացվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ թվով երրորդ մեթոդաբանության համաձայն, որը կիրառվում է 2009 թվականից սկսած: «Այսինքն՝ 2009-ից մինչև այսօր՝ այս մեթոդով հաշվարկված մենք ունենք աղքատության ամենացածր մակարդակը»,-եզրափակեց Փաշինյանը: