Կառավարությունից ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանին ներկայացված թվերի համաձայն՝ նախարարությունների աշխատակիցների ընդհանուր թիվը մեծացել է, մինչդեռ նախարարությունների թիվը պակասել է։ Պատգամավորն այս մասին այսօր հայտնեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ու հարցրեց՝ ինչպես է դա ստացվել։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ակնարկեց, որ տարբերություն կա գործող հաստիքների ու դրանք համալրած աշխատողների թվի հաշվարկի միջև։ Նա ասաց, որ օրինակ՝ կառավարության աշխատակազմի դեպքում թիվը մեծացել է, քանի որ նախկին Սփյուռքի նախարարությունը, որպես Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, մտել է աշխատակազմի մեջ։
Ինչ վերաբերում է օպտիմալացմանն ու կրճատումներին, Ավինյանն ասաց, որ դրանք փուլային շարունակականություն են ունենալու այս տարի և մյուս տարի։