«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել' վերահաշվառում է իրականացնում, որպեսզի պարզի, թե ովքեր են ուզում շարունակել ճանապարհը Հանրապետական կուսակցության հետ, եւ քանի անդամ է մնացել ՀՀԿ-ում։ Դեկտեմբերին ՀՀԿ-ն համագումար է անելու, որտեղ կամփոփեն վերահաշվարկի արդյունքները եւ կհրապարակեն իրենց հետագա մարտավարությունը։ Եվ չնայած գործընթացը դեռ չի ավարտվել, սակայն մեզ որոշ տվյալներ հայտնի են դարձել։
Մասնավորապես, երբեմնի իշխանական 120-130 հազարանոց կուսակցությունից այս պահի դրությամբ մնացել է 10 հազարից մի քիչ ավելի անդամ, համենայնդեպս՝ այդքան դիմում են ստացել, որտեղ մարդիկ նշել են ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը շարունակելու ցանկության մասին։ ՀՀԿ-ական մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ վերջին 2-3 ամիսներին նոր դիմումներ էլ են ստացել' մոտ 350 անձից, հիմնականում' երիտասարդներից։
ՀՀԿ կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը դիմումների թվի վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ որտեղից Ձեզ այդ տեղեկությունները․ հաշվարկը դեռ չի ավարտվել, երբ ավարտվի, կտեղեկացնենք' կհրապարակենք»: Իսկ հնարավո՞ր է, որ 10 հազարից շատ լինի։ «Ամեն ինչ հնարավոր է»: