Մանաթի դեկտեմբերի 21-ին երկրորդ անգամ արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը' կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az-ը հայտնում է, որ վարկերը վճարել չկարողացողների մեջ ավելի մեծացել է քացախաթթու խմելով ինքնասպանության դիմողների թիվը:
Ադրբեջանի առողջապահության նախարարության կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունքի ղեկավար Ազեր Մաքսուդովը կայքին հայտնել է, որ այ տարվա առաջին ամսվա ընթացքում թունավորման ախտանիշով 65 հիվանդ են ունեցել, որոնց մեծ մասը՝ քացախաթթվով թունավորմամբ: Նա խուսափել է նշել թունավորումից մահացածների թիվը:
Baku.ws կայքը հայտնում է, որ հենց այս րոպեներին Բաքվում հերթական ինքնասպանության փորձն է կատարվում: Ձեռնարկատեր Դոնմեզ Մամեդովը, որը ղարաբաղյան պատերազմի վետերան է, փորձում է կյանքին վերջ տալ, ինչի համար նա բարձրացել է Տրանսպորտի նախարարության մոտ գտնվող կամուրջի վրա եւ ցանկանում է նետվել ցած: Նա հայտարարում է, որ չի կարողանում վճարել բանկին ունեցած պարտքը:
«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է. «Ինչքան պետք է այս ամենը շարունակվի: Ինչպես երեւում է' բանկերին բոլոր պարտք ունեցողների ինքնասպանությունից հետո Ադրբեջանում ոչ պարտք ունեցող կմնա, ոչ էլ ինքնասպանության դիմողներ»:
Ադրբեջանում 400 հազար մարդ պարտք է բանկերին: Մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամ արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով' այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 39 ինքնասպանության դեպք է գրանցվել, որի մեծ մասը՝ բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: Երկու մարդ ինքնահրկիզվել է, ինքնասպանության է դիմել երկու անչափահաս:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի ընթացքում այդ երկրում 300-ից ավելի ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 14-ն անչափահասներ են եղել:
2015 թվականի ընթացքում Ադրբեջանում քաղաքացու ինքնահրկիզման դիմելու 19 դեպք է տեղի ունեցել, որից 11-ը մահվան ելքով ավարտ են ունեցել: