Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի 39-ամյա բնակիչ Ջաբրայիլ Հասանովը ինքնասպանություն է գործել' կախվելով Քուռ գետի վրայի կամրջից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը:
Ինքնասպանություն գործելուց առաջ Ջ.Հասանովը գրություն է թողել, որում ասվում է, թե կախվել է ֆինանսական խնդիրներ ունենալու եւ բանկային վարկերը վճարել չկարողանալու պատճառով: Նա նաեւ խնդրել է, որ հարազատները փող չծախսեն իր թաղման եւ հիշատակի արարողությունների համար:
Կայքը հայտնում է, որ Ջ.Հասանովը երեք երեխաների հայր էր: Նրա ավագ որդին ներկայում ծառայում է ադրբեջանական բանակում: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում արդեն 31 մարդ ինքնասպանություն է գործել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ.-ին այդ երկրում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ը իրագործել են անչափահասները: 14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: