«Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը հայտարարել է, որ Ադրբեջանում թմրամոլության խնդիրն ավելի խորացել է երիտասարդ աղջիկների պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով modern.az լրատվական կայքը, նրա խոսքով' ներկայում Ադրբեջանի բանտերում դատապարտվածների 30 տոկոսը թմրանյութ օգտագործողներ են:
«Այսօր Ադրբեջանի բանտերում գտնվող դատապարտվածների 30 տոկոսը թմրամոլ է: Թմրամոլը հանցագործ չէ, հիվանդ է: Իսկ քրեակատարողական հիմնարկները հիվանդանոց չեն: Բանտերը հիվանդներով լցնելն իմաստ չունի»,- նշել է նա:
Ադրբեջանցի կուսակցապետը ընդգծել է, որ Ադրբեջանի պատկան կառույցներն աշխատանքներ են տանում թմրանյութերի մուտքը երկիր կանխելու համար, բայց ավելի շատ ձերբակալվում են այդ նյութերն օգտագործողները: Իսկ այն կառույցների ներկայացուցիչները, որոնք ղեկավարում են այդ գործը, չեն ձերբակալվում:
Նրա կարծիքով' Ադրբեջանում վերջին շրջանում շատացել են գողության դեպքերը, 3-5 մանաթի համար տարեց մարդկանց սպանող թմրամոլների թիվը:
«Շատ ափսոս, որ թմրամոլության մեջ ներքաշվում են նաեւ մեր աղջիկները, եւ դա անում են տղամարդկանց պատճառով»,- ընդգծել է Հասանգուլիեւը:
ԱՄՆ պետքարտուղարությունն անցյալ տարվա իր զեկույցում հայտնել էր, որ Ադրբեջանը հանդիսանում է տարանցիկ երկիր' Աֆղանստանից, Կենտրոնական Ասիայից եւ Իրանից Ռուսաստան ու Եվրոպա թմրանյութերի փոխադրման համար: Նշվել էր նաեւ, որ Ադրբեջանում հեշտությամբ կարելի է հերոին գնել, եւ այդ երկրում թմրանյութ պարունակող բույսեր են աճեցվում:
ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ աշխարհում ներարկային թմրանյութերի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում պաշտոնապես գրանցված 88 հազար թմրամոլներ կան: Ամերիկացի փորձագետ Մ.Բրաունի կարծիքով' Ադրբեջանով թմրանյութերի ռեկորդային ծավալով տարանցման պատճառը կոռուպցիան է:
2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը խոստովանել էր, որ Աֆղանստանում ապօրինի կերպով արտադրվող թմրանյութերի 35 տոկոսը փոխադրվում է Ադրբեջանի տարածքով: