Ներկայում Ադրբեջանում պաշտոնապես հաշվառված 28 հազար 656 թմրամոլներ կան, որոնցից 554-ը կանայք են: Անցյալ տարվա համեմատ, 2015 թվականի սկզբից մինչ այմ թմրամոլների պաշտոնական թիվն Ադրբեջանում 280 հոգով աճել է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az լրատվական կայքին հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Գադիրլին:

 

Նախարարության պաշտոնյան հայտնել է, որ հաշվառված թմրամոլներից 666-ն անանուն են: «23 042 հոգի դիսպանսեր հաշվառման, իսկ 5614 հոգին պրոֆիլակտիկ հաշվառման վերցվածներն են», -ասել է նա' նշելով, որ կին թմրամոլներից դիսպանսեր հաշվառման մեջ են գտնվում 399, պրոֆիլակտիկ հաշվառման մեջ' 155 հոգի:

 

Ա.Գադիրլին հայտնել է, որ Ադրբեջանում պաշտոնապես հաշվառված թունամոլների թիվը կազմում է 152 հոգի: Նրանցից դիսպանսեր հաշվառման են վերցված 151-ը, պրոֆիլկատիկ հաշվառման' 1 հոգի:

 

Ադրբեջանում 2014 թվականին պաշտոնապես հաշվառված են եղել 28 376 թմրամոլներ:

 

Ադրբեջանական ANS հեռուստաալիքը հայտնել է, որ Ադրբեջանում, հատկապես, Բաքվում, մեծացել է թունամոլ անչափահասների թիվը, որոնց մեծ մասը վերջին շրջանում սկսել է օգտագործել համեմատաբար էժան թունանյութեր' տուրք տալով այսպես կոչված «սոսինձ շնչելու» եղանակին:

 

«Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը modern.az լրատվական կայքին հայտարարել է, որ Ադրբեջանում մեծացել է թմրամոլ աղջիկների թիվը, եւ որ ներկայում Ադրբեջանի բանտերում դատապարտվածների 30 տոկոսը թմրանյութ օգտագործողներ են:

 

«Շատ ափսոս, որ թմրամոլությանը ներքաշվում են նաեւ մեր աղջիկները, եւ դա անում են տղամարդիկ», -ընդգծել է Հասանգուլիեւը:

 

ԱՄՆ պետքարտուղարությունն անցյալ տարվա իր զեկույցում հայտնել էր, որ Ադրբեջանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից, Կենտրոնական Ասիայից եւ Իրանից Ռուսաստան ու Եվրոպա թմրանյութերի փոխադրման համար: Նշվել էր նաեւ, որ Ադրբեջանում հանրամատչելի է հերոինը, եւ այդ երկրում թմրանյութ պարունակող բույսեր են աճեցվում:

 

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ աշխարհում ներարկային թմրանյութերի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում: Ամերիկացի փորձագետ Մ.Բրաունի կարծիքով' Ադրբեջանով թմրանյութերի ռեկորդային ծավալով տարանցման պատճառը կոռուպցիան է:

 

2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը խոստովանել էր, որ Աֆղանստանում ապօրինի կերպով արտադրվող թմրանյութերի 35 տոկոսը փոխադրվում է Ադրբեջանի տարածքով: