Ըստ վերջին տվյալների՝ Ֆիլիպիններում նավաբեկության զոհերի թիվը հասել է 38-ի, 134 մարդու հաջողվել է փրկել, ևս 15 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, հայտնել է Ֆիլիպինների առափնյա անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 36 զոհի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Որոնողական փրկարարական աշխատանքներն ընթացել են նաև գիշերը, որոնց մասնակցում են Ֆիլիպինների ռազմածովային ուժերին պատկանող նավ և երկու ռազմական ուղղաթիռներ:
Աղետի հնարավոր պատճառ է համարվում մարդկային գործոնը, քանի որ նավահանգստից դուրս գալուց հետո նավը չափից ավելի կտրուկ շրջադարձ է կատարել: Նավը գերբեռնված չի եղել: Վերջին տվյալներով՝ այդ պահին նավի վրա եղել է 187 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլիպինների ափերին խորտակվել է 173 ուղևոր տեղափոխող Kim Nirvana լաստանավը: Միջադեպի հետևանքով զոհվել էր 33 մարդ: Մի քանի տասնյակ մարդու կյանք հաջողվել էր փրկել: Հաղորդվում է, որ նավը ուղևորվում էր Օրմոկից Կամոտես: