Ֆիլիպինների հյուսիսում մոլեգնող Koppu թայֆունի զոհերի թիվը հասել է 22-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհվածի մասին: Մարդիկ զոհվել են թայֆունի առաջացրած հեղեղումների ու սողանքների հետևանքով:
Ինչպես նշում է գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքացիական պաշտպանության տեղական բաժանմունքի հաշվետվությունը, երկրի գյուղատնտեսական շրջանների 200-ից ավելի գյուղեր ջրասույզ են եղել հոկտեմբերի 20-ին: Որոշ տարածքներ հայտնվել են մեկ մետր խորությամբ ջրի տակ:
Տարերային աղետների հետևանքների վերացման կառավարական գործակալությունը հայտարարել է, որ Լուսոն կղզում թայֆունից տուժել է գրեթե 300 հազար մարդ:
Ավելի վաղ Ֆիլիպինների Ավրորա և Իզաբելա նահանգների իշխանությունները բնակչության տարհանում են կազմակերպել մոտեցող թայֆունի պատճառով: Երկրում փոթորկի նախազգուշացման ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարված:
Ամեն տարի անձրևների տարեշրջանում՝ հունիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, Ֆիլիպիններում մոլեգնում են շուրջ քսան փոթորիկ ու թայֆուն, սակայն երկրի պատմության մեջ ամենաաղետաբերն է դարձել 2013 թվականի վերջին նրա կենտրոնական մասը պատուհասած «Յոլանդա» գերթայֆունը: Տարերքի հետևանքով զոհված կամ անհետ կորած ֆիլիպինցիները թիվը գերազանցել էր 8 հազարը, գերթայֆունն ամբողջովին ոչնչացրել կամ վնասել էր 1,1 մլն տուն՝ օթևանից զրկելով 4 միլիոն մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: