Ֆիլիպիններում «Հագուպիտ» թայֆունի զոհերի թիվը հասել է 27-ի, մինչդեռ դեպի երկրի խորքն առաջ շարժվելու համեմատ տարերքը կորցնում է իր ուժը եւ լուրջ վնասներ չի պատճառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հաղորդել է ազգային Կարմիր խաչը:

 

Տուժածների մեծ մասը հեռավոր Սամար արեւելյան կղզու բնակիչներն են, որոնք առաջինն են ընդունել թայֆունի հարվածը, որի քամու արագությունն առաջին օրերին հասնում էր ժամում 210 կիլոմետրի:

 

Դեկտեմբերի 9-ին Մանիլայում տեղումներ են գրանցվել, սակայն դրանք այնքան ուժեղ չեն եղել, ինչպես ավելի վաղ կանխատեսվում էր: Նրանցից շատերը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, արդեն վերադարձել են տարհանման կենտրոններից: Մայրաքաղաքում կյանքը բնականոն հուն է վերադառնում:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես դեկտեմբերի 9-ին նշել է New Straits Times թերթի էլեկտրոնային տարբերակը, զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բացակայում է կապը մի շարք հեռավոր նահանգների հետ:

 

«Հագուպիտը», որը թարգմանվում է «մտրակ», դարձել է թվով 22-րդ արեւադարձային ցիկլոնը, որն այս տարեշրջանում ձեւավորվել է Խաղաղ օվկիանոսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: