Ֆիլիպիններում մոլեգնող «Հագուպիտ» թայֆունի պատճառով, դեկտեմբերի 8-ի առավոտվա տվյալներով, իրենց տները հարկադրաբար լքած ֆիլիպինցիների թիվը գերազանցել է 1 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային խորհրդի (NDRRMC) ամփոփագրում:

 

Դեկտեմբերի լույս 7-ի գիշերը Ֆիլիպինների արեւելյան ափը պատուհասած թայֆունը ներկայում գտնվում է Ռոմբլոն կղզուց 50 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում եւ շարժվում է ժամում 10 կիլոմետր արագությամբ: Տեղաշարժման ընթացքում «Հագուպիտը» նկատելիորեն թուլացել է, եւ այժմ նրա բերած քամիների արագությունը կազմում է ժամում 120 կիլոմետր՝ ժամում 150 կիլոմետրի հասնող պոռթկումներով:

 

NDRRMC-ն առայժմ հաստատել է թայֆունից միայն երկու ֆիլիպինցիների զոհվելը, սակայն տեղերից ստացվող հաղորդագրությունները, որոնք առայժմ չեն հաստատվել իշխանությունների կողմից, խոսում են առնվազն վեց զոհվածների մասին:

 

Տարերային աղետից արդեն այս կամ այն չափով տուժել են ավելի քան մեկ միլիոն ֆիլիպինցիներ: Դրան ուղեկցող տեղատարափ անձրեւները մի շարք սողանքներ են առաջացրել երկրի կենտրոնական մասում, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների եւ խախտել ցամաքային հաղորդակցությունը: Նավահանգիստներում կուտակվել են հազարավոր մարդիկ, որոնք սպասում են ծովային հաղորդակցության վերսկսմանը, չեղյալ է հայտարարված գրեթե երկու հարյուր ավիաչվերթ, մի քանի օդանավակայաններ ամբողջովին փակված են:

 

Սպասվում է, որ «Հագուպիտը» կանցնի Ֆիլիպինների կենտրոնական մասի եւս մ իքանի կղզիներով, կհատի Մինդորո կղզին երկրի որեւմուտքում եւ Ֆիլիպինների օդերեւութաբանական ծառայությունների պատասխանատվության գոտուց կհեռանա դեկտեմբերի 10-ին կամ 11-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: