Առնվազն 13 հազար մարդ հարկադրված է եղել Տոկիոյի Նարիտա օդանավակայանում գիշերել «Ֆակսայ» թայֆունի հարվածից հասարակական տրանսպորտի աշխատանքի խաթարման պատճառով: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է NHK հաեռուստաալիքը:
Օդանավակայանի ղեկավարությունը կարգադրել է ուղևորներին անվճար տրամադրել շշալցված ջուր, սնունդ, ինչպես նաև քնապարկեր և էլեկտրոնային սարքերի լիցքավորման թերմինալներ:
Տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրներն առաջացել են այն բանի պատճառով, որ օդանավակայանի և Տոկիոյի միջև երթուղում չեղարկվել է գնացքների երթևեկությունը: Բացի այդ, արագընթաց մայրուղիների փակման պատճառով երկար ժամանակ չեն երթևեկել ավտոբուսներն ու տաքսիները: Դրա հետևանքով ուղևորները պարզապես չեն կարողացել մեկնել օդանավակայանից: Երեքշաբթի առավոտյան գնացքների երթևեկությունը վերականգվել է: Սպասվում է, որ օրվա ընթացքում խնդիրը վերջնականապես կլուծվի: «Ֆակսայը» դարձել է այս տարի Խաղաղ օվկիանոսում ձևավորված թվով 15-րդ թայֆունը:
Ճապոնիայի արևելքում, այդ թվում՝ մայրաքաղաքի տարածաշրջանում դրա մոլեգնելու հետևանքով զոհվել է երեք, տուժել ևս 60 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: