Չինաստանի հյուսիսի Տյանցզին նավահանգստային քաղաքի պահեստում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել Է 55-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ՉԺՀ-ի Պետխորհրդի աշխատանքային խմբի մամուլի ասուլիսում:

 

«Այժմ փրկարարներին հաջողվել Է մարել բաց կրակի բոլոր օջախները»,- նշել Է կառավարության ներկայացուցիչը, ընդգծելով, որ ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքները եւ որոնողափրկարարական գործողությունը շարունակվում են:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ պայթյունների հետեւանքով վերքեր Է ստացել եւս 701 մարդ, որոնցից ավելի քան 60-ը ծանր վիճակում են:

 

Պայթյունները օգոստոսի 12-ին տեղի են ունեցել քաղաքի նավահանգստից ոչ հեռու գտնվող արդյունաբերական գոտու վտանգավոր քիմիական նյութերի պահեստում: «Չժունգո ցինյան բաո» թերթը, մասնավորապես, նշում է, որ իր ունեցած տվյալներով՝ պահեստում կարող էին գտնվել ցիան եւ ցիանաթթու, որոնք վտանգ են ներկայացնում մարդու համար:

 

Պայթյուններն այնպիսի ուժգնություն են ունեցել, որ դրանք գրանցել Է տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Դրանց հզորությունը կազմել Է 3 եւ 21 տոննա տրոտիլին համարժեք:

 

Պայթյունների վայր են ժամանելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետները: Ընդամենը ողբերգության վայրում աշխատելու են շուրջ 200 միջուկային եւ կենսաքիմիական փորձագետներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: