Հնդկաստանում H1N1 խոզագրիպի զոհերի թիվը հասել է 1075-ի, փետրվարի 28-ի տվյալներով՝ գրիպի այդ տեսակով հիվանդացել է 19 հազար 972 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NDTV-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարեսկզբից հիվանդությունը 841 մարդու կյանք է խլել:

 

 

H1N1 վիրուսի առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Ռաջասթանի և Հուջարաթի նահանգներում: Մեծ թվով հիվանդացածներ են գրանցվել նաև հարևան Մահարաշտրայի և Մադյա-Փրադեշի նահանգներում, ինչպես նաև հարավ-արևելքի Թելանգանում:

 

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Հնդկաստանի առողջապահության նախարար Ջագաթ Փրակաշ Նադան հայտնել է, որ հիվանդանալու բոլոր դեպքերը կապված են A գրիպի վիրուսի ենթատեսակի հետ, նույն այն վիրուսի, որը խոզագրիպի համաճարակ էր առաջացրել 2009-2010 թվականներին, ընդ որում վիրուսի մուտացիա չի հայտնաբերվել: