Հնդկաստանում խոզագրիպի զոհերի թիվը գերազանցել է 1,9 հազարը, վարակված է շուրջ 32 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հաղորդել է India Today հրատարակությունը՝ հղում անելով Հնդկաստանի առողջապահության նախարարությանը:
«Մարտի 21-ի դրությամբ հիվանդությունից մահացել է 1911 մարդ, երկրում վարակվածների թիվը հասել է 32 հազար 233-ի»,-նշել են նախարարությունում:
Մահվան առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել Հուջարաթի, Ռաջաստանի, Մահարաշտրայի և Մադիա Փրադեշի նահանգներում: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում վարակված է 4142 մարդ, մահացել է 12 բնակիչ:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հերքել է խոզագրիպի ներկայիս բռնկման ընթացքում H1N1 վիրուսի մուտացիայի առկայությունը: