Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ապրիլի 7-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 31 դեպք եւ վարակման 75 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են ապրիլի 13-ին Ժնեւում տարածված վիճակագրական նոր տվյալները:
Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել է 10 հազար 604 մարդ, վարակվել է 25 հազար 591 բնակիչ:
Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուամենայնիվ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլայի վիրուսով վարակվել է քսան մարդ, ութը մահացել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: