Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը մարտի 10-ից ավելացել է 43-ով, վարակվածներինը 103-ով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները:
Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել է 10 հազար 4 մարդ, վարակվել է 24 հազար 350 բնակիչ:
Լիբերիայում զոհերի թիվը հասել է 4 հազար 162-ի, վարակվածներինը՝ 9 հազար 343-ի: Սիեռա Լեոնեում մահացածներն ավելի քիչ են՝ 3 հազար 655, բայց վարակվածներն ավելի շատ են, քան որեւէ այլ երկրում՝ 11 հազար 677: Գվինեայում վարակվածներն ու մահացածներն զգալիորեն պակաս են, քան այս երկու պետություններում՝ համապատասխանաբար 3 հազար 330 եւ 2 հազար 187:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուամենայնիվ, այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, մահացել են ութը: