Վերջին ժամերի ընթացքում ջրասուզակներին հաջողվել է ջրից դուրս բերել Հարավային Կորեայում խորտակված «Սեւոլ» լաստանավի ուղեւորների եւս 11 մարմիններ, ինչի արդյունքում նավաբեկության զոհերի թիվը հասել է 259-ի: Եվս 43 մարդ անհայտ կորած է համարվում: Այդ մասին հայտնել են կառավարության՝ Չինդո կղզում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչները:

 

Զոհվածների մարմինները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ ջրասուզակները վերսկսել են որոնումները 35 մետր խորության վրա գտնվող նավի ներսում: Անցած գիշերվա ընթացքում որոնողա-փրկարարական աշխատանքներ չէին կատարվում ուժգին քամու եւ մակընթացության բարձր մակարդակի պատճառով, որն այս շրջանի առանձին վայրերում մոտենում է 10 մետրի:

 

Ջրասուզակները կարողացել են հետազոտել 64 պլանավորված նավախցերից 61-ը: Ընդամենը լաստանավում, դրա վերակառուցումից հետո, կար 111 նավախցիկ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: