Հայաստանում 2013 թվականին գրանցված արտակարգ դեպքերն աճել են 493-ով կամ 4.6 տոկոսով և կազմել 11 հազար 91: Այդ մասին փետրվարի 14-ին ԱԻ նախարարության 2013 թ. գործունեության արդյունքներն ամփոփելիս հայտնեց Փրկարար ծառայության պետ, փ/ծ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: «Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 615 և վիրավորվել 8 հազար 648 մարդ»,-նշեց Ազարյանը՝ հավելելով, որ զոհերի թիվը 2012 թվականի համեմատ աճել է 61-ով, վիրավորներինը՝ 718-ով:

 

Նա հայտնեց, որ 2013 թվականին մեր երկրում գրանցված արտակարգ դեպքերից 6 հազար 398-ը տեխնածին են, 301-ը' տարերային, 4 հազար 392-ը' սոցիալ-կենցաղային, որը կազմում է ընդհանուր դեպքերի 39.6 տոկոսը, իսկ դրանց հետևանքով զոհվել է 281 մարդ, վիրավորվել՝ 4 հազար 565: «Տեխնածին բնույթի դեպքերի մեջ գերակշիռ թիվ են կազմում ճանապարհատրասնպորտային պատահարները, որոնց հետևանքով զոհվել է 316 մարդ»,- ասաց գեներալ-մայորը:

 

Ազարյանը նշեց, որ 2013 թվականին ՀՀ ԱԻՆ գործունեության հիմնական ուղղություններ են եղել Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային փրկարարական վարչություններում և ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունում ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը, ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի հիմնումը, INSARAG միջազգային որոնողափրկարարական համակարգի չափանիշների համապատասխան միջին փրկարարական խմբի ստեղծումը: Նախորդ տարվա ԱԻՆ գործունեության թիրախում էին նաև Գառնու երկրաֆիզիկական դիտարանի վերագործար կումն ու վերազինումը, կամավորական փրկարարական շարժման հիմնումը և հետագա զարգացման ապահովումը և այլն:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծվել է 2008 թվականին: ՀՀ ԱԻՆ կազմում գործում է տեխնիկապես հագեցած և միջազգային չափանիշներին համապատասխանող ճգնաժամային կառավարման կենտրոն: