Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ) հիվանդության արձանագրված դեպքերի թիվը Հայաստանում անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 6.7 տոկոսով և կազմել 142, իսկ Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակակիրների (ՄԻԱՎ) թիվն ավելացել է 3.5 տոկոսով և դարձել 236: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարի ՄԻԱՎ-ի նկատմամբ հետա զոտվել է 69 հազար 281 կին և 23 հազար 128 տղամարդ:

 

ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտված գեղեցիկ սեռի ներկայացուցիչների և տղամարդկանց ամենամեծ թվաքանակը 20-29 տարիքային խմբում է (39 հազար կին և 6762 տղամարդ): Հարկ է նշել, որ այս տարվա հունվարին նախորդի նույն ամսվա համեմատ մեր երկրում ՄԻԱՎ-ի արձանագրված դեպքերի թիվն աճել է 2-ով և դարձել 15, իսկ ՁԻԱՀ-ինը՝ նվազել է 2 անգամ և կազմել 11: 2012 թվականին Հայաստանում արձանագրվել է ՁԻԱՀ-ի 133 և ՄԻԱՎ-ի 228 դեպք:

 

ՄԻԱՎ վարակակիրների ընդհանուր թիվը մեր երկրում գնահատվում է շուրջ 3.5 հազար մարդ:

 

ՁԻԱՀ-ը զարգանում է Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված մարդկանց մեջ և բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ: ՁԻԱՀ-ի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով՝ արյուն, սերմնահեղուկ, կանանց սեռական օրգանների արտազատուկներ, մայրական կաթ: