Հայաստանում 2017 թվականին  գրանցվել է 14619 արտակարգ պատահար, ինչի հետևանքով զոհվել է 356, տուժել՝ 10688 մարդ: Հունվարի 26-ին լրագրողների հետ զրույցում այս  մասին նշեց  ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: 

«Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը 1627-ով  կամ 12.5 տոկոսով աճել են: Հիմնականում աճի միտում դրսևորվել է տեխնածին արտակարգ դեպքերի, պատահարների և սոցիալ-կենսաբանական պատահարներ ոլորտներում: Մասնավորապես՝ տեխնածին դեպքերի մասով զգալի աճ է գրանցվել հրդեհների և ճանապարհատրանսպորտային պատահարների առումով,  իսկ սոցիալ-կենսաբանական դեպքերով շուրջ 440-ով աճել են թունավորումները, ինչն ազդել է զոհերի և տուժածների ցուցանիշների վրա: Ընդհանուր առմամբ`  զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է  2-ով, իսկ տուժածներինը 1456-ով»,-ասաց Խանգելդյանը:

 

Նրա խոսքով` 2017 թվականին ընդհանուր դեպքերից 95 տոկոսը բաժին է հասել հրդեհներին, ՃՏՊ-ներին ու թունավորումներին:

«Հրդեհների դեպքերը աճել են  916-ով, այդ թվում՝ բնակելի շենքերում և առանձնատներում հրդեհները, ինչպես նաև անտառային տարածքներում, որոնցից ամենախոշորը «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհն էր, որը հաջողվել էր մարել ռեկորդային ժամանակահատվածում»,-նշեց Խանգելդյանը: