Հայաստանում շտապօգնության կանչերի թիվը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ աճել է, ինչը պայմանավորված է սպասարկման որակի բարելավմամբ և հիվանդների շրջանում վստահության բարձրացմամբ: Հրավիրված ասուլիսում այդ մասին նշեց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը' ավելացնելով, որ օրական արձանագրվում է միջինում 650 կանչ:
«Հունվարի 1-ից մինչ հունիսի 1-ը շտապօգնությունը ստացել է 113 հազար 272 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 21 հազար 333 քաղաքացի: Այս ցուցանիշը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 898-ով: Շտապօգնության կանչերի շրջանում 20 տոկոսը պատկանում է սրտանոթային հիվանդություններին: Դրանցով պայմանավորված կանչերի թիվը կազմել է 30 հազար 608»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղեկացրեց Թագուհի Ստեփանյանը:
«Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրենի փոխանցմամբ' հիվանդների միայն 20 տոկոսն է տեղափոխվում հիվանդանոց, քանի որ շատերը նախընտրում են տանը ստանալ անհրաժեշտ օգնություն և համապատասխան բուժում, ինչը շատ դեպքերում հնարավոր չէ: «Ամենաշատ կանչերն արձանագրվում են երեկոյան ժամերին, իսկ շտապօգնության մեքենաները պարտավոր են հիվանդի մոտ հասնել 7-15 րոպեի ընթացում: Հիվանդին 20 րոպեի ընթացքում զննելուց, համապատասխան ախտորոշում և ցուցումներ տալուց հետո միայն շտապօգնությունը կարող է անցնել մյուս կանչերին»,- ընդգծեց Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է շտապօգնության հասցեին հնչեցված բողոքներին, ապա ըստ նրա, արձանագրվել է այդպիսի 10-15 դեպք: Թագուհի Ստեփանյանը վստահեցրեց, որ «Շտապ օգնություն»-ը մանրամասն վերլուծելուց հետո տվել է բոլոր բողոքների պատասխաները և հատուցել տույժերը: «Խախտումները հիմնականում լինում են հիվանդի նկատմամբ ոչ ճիշտ մոտեցման և շտապօգնության մեքենաների ուշացման հետ կապված»,- նկատեց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրենը:
Լրագրողների հարցին' արդյոք եղել են բողոքներ կապված կոռուպցիոն դեպքերի հետ, Թագուհի Ստեպանյանն ասաց, որ արձանագրվել է նման մեկ դեպք, այն էլ նախորդ տարի: