Մինչեւ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը, Հայաստանը գերադասում էր չեզոքություն պահպանել սիրիական հարցում։ Սա արդարացված, ավելին՝ միակ ռացիոնալ դիրքորոշումն էր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են ապրել արաբական այդ երկրում։ Մյուս կողմից՝ Հայաստանը սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում չի կարող ունենալ որեւէ դերակատարություն, ըստ այդմ՝ հարկ չկա շահագրգիռ որեւէ դիրքորոշմամբ դառնալ անվերջանալի թվացող այս հակամարտության անուղղակի կողմ։ Սակայն մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը խախտել է այս սկզբունքը՝ ռուսական քարոզչության առանցքային դեմք համարվող Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։ Հայաստանի նախագահն իր զորակցությունն է հայտնել Ռուսաստանի սիրիական կամպանիային։
Հայկական կողմը թերեւս համարում է, որ այլեւս անիմաստ է այս հարցում պարիտետ պահելը, հատկապես, որ նորընտիր նախագահ Թրամփը ձգտում է՝ Մերձավոր Արեւելքում ընդհանուր օրակարգ ձեւավորել ռուսների հետ։ Կամ էլ՝ սիրական հարցում Սարգսյանը փորձում է սիրաշահել Կրեմլին՝ Ղարաբաղի հարցում նրանից ավելի հայանպաստ դիրքորոշումներ կորզելու նպատակով։ Չմոռանանք նաեւ, որ այս օրերին Սերժ Սարգսյանն ունի իր համար կենսական մեկ այլ խնդիր։ Նա փորձում է լուծել սեփական իշխանության վերարտադրության հարցը, իսկ այդ գործընթացում շատ կարեւոր է Մոսկվայի գոնե լոյալությունը։
Ինչեւէ, մի կողմ թողնենք Սարգսյանի հարցազրույցի վիճահարույց դրվագը եւ անդրադառնանք ԼՂ խնդրին, որն, անշուշտ, Սարգսյանի ու Կիսելյովի զրույցի հիմնական թեման է։ Երբ ուշադիր վերլուծում եմ Հայաստանի նախագահի պատասխանները, նկատում եմ, որ նա դիվանագիտորեն հակադրվում է կարգավորման ռուսական կամ, այսպես կոչված, լավրովյան պլանին։ Օրինակ, դրանով նախատեսվում է տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության մեծացում։ Սերժ Սարգսյանը Կիսելյովին ասում է, թե Հայաստանում ՌԴ նոր ռազմաբազաներ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Ինքնին հասկանալի է, որ եթե Ռուսաստանը Հայաստանում նոր ռազմաբազա ստեղծելու մտադրության մասին չի բարձրաձայնել, խոսքն ավելի շատ վերաբերում է ազատագրված տարածքներին կամ շփման գծին, որտեղ Ռուսաստանը ձգտում է ռազմական ներկայության՝ ինչ-որ կարգավիճակով։ Եվ ահա՝ Սարգսյանն անուղղակիորեն հակադրվում է դրան։
Հայտնի է, որ «Լավրովի պլանն», ըստ էության, ռուս-ադրբեջանա-թուրքական համաձայնության արգասիք է ու տակավին վերջերս ՌԴ ԱԳՆ նախարարը Երեւանում ակնարկեց, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Հայաստանը տարածքային զիջումներ անի Ադրբեջանին։ Կիսելյովին տված հարցազրույցում՝ Սարգսյանը հակադարձում է Լավրովին. «Արդյունքում՝ ստորագրեցինք (խոսքը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին է), նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում: Էլ ի՞նչ անել: Ասել. այո, եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին, իսկ Թուրքիան կբացի սահմանները: Եվ հետո՞: Երեք ամսից, մեկ տարուց, մեկուկես տարուց մի կոնֆլիկտ կլինի, կրկին կփակի: Դա մեզանից չէ կախված»։
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի շրջապատում ենթադրում են, որ Թրամփի նախագահությունը հանգեցնելու է ԱՄՆ-ի առնվազն երկրորդական դերակատարության մեր տարածաշրջանում եւ փորձում են Ռուսաստանի հետ ճշտել մի շարք սկզբունքային հարցեր՝ մինչեւ ԱՄՆ նոր նախագահի պաշտոնամուտը։ Ինչքանո՞վ Ռուսաստանը երախտապարտ կլինի Հայաստանին՝ իր համար սկզբունքային՝ սիրիական հարցում, ցուցաբերված աջակցության համար, ցույց կտա ժամանակը։