Արդեն չորրորդ տարին է, ինչ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ նոյեմբերի 19-ին Գյումրիում և Վանաձորում, նոյեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:
ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ Ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:
Հետազոտությունը ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշառում, իսկ պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:
Խորհրդատվությունը և հետազոտությունը կատարվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել' 010-61-08-20 հեռախոսահամարով: