Երկար չարչրկված ու բազում քննադատությունների տեղիք տված 1000 դրամների թեման կարծես մոտենում է իր հանգուցալուծմանը. չի բացառվում, որ օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակում պարտադիր սկզբունքը փոխվի կամավորի, բայց այն տարբերակով, որ ով չի ցանկանում վճարել այդ 1000-ական դրամները, այդ մասին իր գործատուին գրավոր դիմում ներկայացնի:

Թե հատկապես ինչպես պատահեց, որ իր բնույթով ու էությամբ հայրենասիրական այս նախաձեռնությունն այսքան պախարակվեց ու մերժելի դարձավ հասարակության կողմից, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, այնքան էլ դժվար չէ կռահել. խնդիրը ոչ թե բուն գաղափարի մեջ էր, որը, պետք է խոստովանել՝ ինչ-որ իմաստով նաև ժամանակի հրամայականի է վերածվել, այլ՝ այն ծնողների ու ծնածը հասարակությանը հրամցնողների: Կասկած լինել չի կարող այն բանում, որ եթե նույն այս գաղափարն առաջարկվեր շատ ավելի հեղինակավոր մարդկանց կողմից, այն՝ ժողովրդի շրջանում միանշանակ դրական արձագանք կստանար, հստակ ընկալում կունենար, ու մարդիկ այս ամենում կտեսնեին ոչ թե յուրատեսակ դավարդություն՝ ընդդեմ սեփական անձերի, այլ՝ հայրենասիրական մղումից ծնունդ առած նախաձեռնություն, «ազգ-բանակ» կոնցեպտի նյութական դրսևորում: Ասել կուզի՝ հասարակությունն ընդվզեց ոչ թե բուն գաղափարի, այլ՝ այն ի պաշտոնե կյանքի կոչողների դեմ՝ հաստատ համոզված լինելով, որ, ըստ էության, նոր հարկատեսակի սահմանման նպատակը ոչ թե բանակի խնդիրները լուծելն է լինելու, այլ դրա քողի տակ առանձին անհատների հարստացման հարցը լուծելի դարձնելը. հիմնադրամները շատ են, իսկ դրանցից ստացված իրական օգուտները՝ քիչ:

Այն, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն ամենևին էլ աշխարհում ամենաբարձրերից չէ, հանրահայտ ու ավելորդ ապացույցների անկարոտ իրողություն է. որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, որ մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերն, երբ անցյալում ժողովրդի ձայնն ու կարծիքը վճռորոշ դեր ունեցած լինեն երկրի բարձրագույն ղեկավարության կողմից այս կամ այն հարցի վերաբերյալ որոշում կայացնելու գործում. որպես կանոն՝ ժողովրդի ձայնն անտեսվել է, բողոքներն էլ տեղ չեն հասել: Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս պատահեց, որ սույն նախաձեռնության շուրջ բարձրացած հանրային տրտունջքը հանկարծ լսելի դարձավ երկրի քաղաքական ղեկավարությանն, ու որոշում կայացվեց՝ 1000 դրամների հավաքագրումը կամավոր դարձնելու մասին: Պատճառն առավել քան ակնհայտ է. շուտով՝ ընդամենը մի քանի ամսից, խորհրդարանական ընտրություններ են, ու ժողովրդի շրջանում իշխող հակաիշխանական տրամադրությունները սրելու կարիք՝ ամենևին էլ չի զգացվում: Եվ իրոք, ի՞նչ կարիք կա ժամանակից շուտ ձեռնամուխ լինել մի քայլի, որից ստացվող օգուտները մի քանի անգամ ավելի պակաս են լինելու, քան՝ վնասները. համբերությունն, այս իմաստով, իրոք, կարող է կյանքի աղբյուր հանդիսանալ ՀՀԿ-ի համար, ու երբ կանցնի վտանգը, չի բացառվում, որ կրկին անդրադարձ կատարվի սույն օրենքին՝դարձնելու այն պարտադիր:

Բայց ինչպիսին էլ լինեն իշխանությունների հետագա գործողությունները, անհերքելի իրողություն է՝ իշխանություններն իրենք իրենց «կրակը գցեցին»՝ ժամանակից շուտ առաջ քաշելով 1000 դրամի կոնցեպցիան. ջրի երես դուրս եկավ այն ողջ մաղձն ու անվստահությունը, որով ներշնչված էր հասարակության գերակշիռ հատվածն՝ իշխանությունների հանդեպ: Անհրաժե՞շտ է դա, արդյոք, իշխանություններին:Դե իհարկե՝ ոչ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ