Վարչապետի ԵԼՔ դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվել է պատասխանել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման հետագա ճակատագրի մասին լրագրողների հարցին: Սակայն ընդդիմության ճամբարից մեկ անգամ չէ, որ ակնարկել են՝ Փաշինյանի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո, հենց Պաշտպանության նախարարի ներկայիս ԺՊ-ն է հանդիսանալու պաշտոնը թողնելու թիվ մեկ հավակնորդը: Փաշինյանն այսօր հստակ հասկացրել է, որ անվտանգության բաղադրիչն իր համար առանցքային է լինելու և դժվար է պատկերացնել, որ նման կարևորագույն պաշտոնը կշարունակեն վստահել Սարգսյանին, հատկապես, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չհաջողվեց ստանալ բարձրագույն զինվորական սպայակազմի վստահությունը և աջակցությունը:

 

Պատահական չէ նաև, որ համաժողովրդական շարժման ղեկավարները օրեր առաջ առաջարկել էին Պաշտպանության նախարարի՝ իրենց պատկերացմամբ՝ իդեալական թեկնածուին: Ինչո՞ւ ոչ Սոցապ նախարարի, կամ Առողջապահության՝ որոնք ևս չեն փայլել իրենց պաշտոնավարման ողջ ընթացքում: Ակնհայտ է, որ սա մեսիջ էր հենց Վիգեն Սարգսյանին: Սարգսյանը դժվար թե մարսի 1000 դրամների, տարկետման վերացման մասին օրենքը, դժվար թե համաժողովրդական շարժման ղեկավարները և մասնակիցները աչքաթող անեն այն փաստը, որ շարժման առաջին իսկ օրերին միայն Վիգեն Սարգսյանն էր, որ հանդես եկավ ասուլիսով, փորձեց հասարակությանը սթափեցնել սահմանային լարվածության աճի մասին ակնարկներով, նույնիսկ սպառնաց Սահմանադրության շրջանակներում Զինված ուժերը ներգրավել խաղաղ ցուցարարներին ցրելու սուրբ գործին: Սա ոչ այլ ինչ էր, քան Սարգսյանի հերթական, և հնարավոր է ՝ վերջին սայթաքումը: Այս ամենը գիտակցությունն էր, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դրդեց Սարգսյանին՝ դրսևորել իրեն վերջին շրջանում բնորոշ դարձած անզուսպ պահվածքը: Կշարունակի՞ արդյոք Փաշինյանը հենվել Սարգսյանի առաջ քաշած ազգ-բանակ հայեցակարգի վրա՝ նույնպես հարց է, որը այօր չունի պատասխան: Ընդհանրապես, «Ազգ-բանակ» հայեցակարգի քաղաքական հարթության վրա Վիգեն Սարգսյանի շարժառիթներից մեկն էլ ընդհանուր իշխող համակարգից հնարավորինս «անկախանալն» էր: Արձանագրենք, որ դա նրա մոտ այդպես էլ չստացվեց: Գուցե նախարարի փոփոխությունը հանգեցնի նաև այս ՝ ռազմավարական հայեցակարգի վերանայմա՞նը:

 

Ստելլա Խաչատրյան