ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Շանթ»-ի եթերում արդեն իսկ լայն քննարկման առարկա է դարձել՝ թե՛ գերատեսչությունում տիրող իրավիճակի, թե՛ ներքաղաքական գործընթացների պրիզմայի ներքո: Սարգսյանը խոսել է ՊՆ-ում առկա կոռուպցիայի, Ապրիլյան պատերազմի և այն մասին, թե իր ղեկավարած գերատեսչությունում ով պետք է լինի տեր ու տիրակալ:
Սարգսյանը նրբորեն ակնարկել է, որ ՊՆ նախարարի պաշտոնում զինվորականի նշանակումը ներհամակարգային մոտեցման պարագայում անթույլատրելի է, քանի որ հակասություններ են առաջանում Գլխավոր Շտաբի պետի, ասել է թե՝ երկու զինվորականների միջև: Իր և Մովսես Հակոբյանի միջև լարվածության բացակայությունը Սարգսյանը բացատրում է հենց այն հանգամանքով, որ իր զբաղեցրած պաշտոնը քաղաքական է: ՊՆ նախարարի այս դիտարկումը շատ ավելի խորքային է, և այն հարկավոր է դիտարկել ոչ միայն ներգերատեսչական, այլ նաև ներքաղաքական գործընթացների համատեքստում: Ակնհայտ է, որ խոսելով երկու զինվորականների հակասության մասին՝ Սարգսյանն ակնարկում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նաև այդ հակասությամբ պայմանավորելով ապրիլյան քառօրյայում նյութատեխնիկական և կազմակերպչական թերությունները:
Սարգսյանն անդրադարձել է նաև Շտաբի պետի տեղակալի պաշտոնից Հայկազ Բաղմանյանի ազատմանը։ «Ես ընդամենը համարել եմ, որ աշխատանքային հարաբերություններում եղել է խնդիր, որը անհամատեղելի էր այդ հարաբերությունների շարունակականության հետ։ Որոշումը միշտ երկրի նախագահինն է․․․»,- ասել է նա: Ստացվում է՝ բավականին լայն ռեզոնանս ստացած ազատման ողջ պատասխանատվությունը Վիգեն Սարգսյանը փոխանցում է Սերժ Սարգսյանին: Սա ակնհայտ ռևերանս է է նախարարի կողմից:Այս համատեքստում Վիգեն Սարգսյանի վրա բավականին պատասխանատու առաքելություն է դրված, որովհետև նա, ըստ էության, չի պատկանում բանակային երկու սեգմենտներից որևէ մեկին, և բովանդակային հարթության վրա՝ նրա պաշտոնավարումը նույնանում է բանակում նախագահական ուղղակի կառավարման հետ, երբ Սերժ Սարգսյանը երկրում նոր համակարգի կայացմանը զուգահեռ՝ փորձում է Վիգեն Սարգսյանի միջոցով դրա մինի մոդելը ներդնել զինված ուժերում՝ որոշման իրավունքը վերապահելով իրեն: Ստացվում է արդյոք, թե ոչ՝ այլ հարց է: Մի բան ակնհայտ է՝ Վիգեն Սարգսյանը թեև փորձում է գերատեսչությունում հստակ խաղի կանոններ սահմանել, որտեղ, ըստ նրա պատկերացման՝ առանցքային, դոմիմանտ դերը պետք է պատկանի քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարին, սակայն ակնհայտ է, որ ներքաղաքական իրադրությունն այնպիսին է, որ նախարարին չի հաջողվում ռեալիզացնել իր իսկ կողմից սահմանած բարձր նշաձողը: Սարգսյանն իր հարցազրույցում մատնանշեց այն բոլոր խնդիրները, որոնք այսօր ծառացած են ՊՆ առջև: Դրանցից գլխավորը և մինչ օրս անլուծելի համարվող խնդիրը՝ գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերն են: Դիտարկմանը, թե հաճախ է հնչում դժգոհություն, որ ՊՆ-ն էժանի փոխարեն թանկ է կատարում գնումները, և դրանից օգտվում են որոշ պաշտոնյաներ, գեներալներ, Վիգեն Սարգսյանը նշել է, թե ընթացիկ տարում հիմնական բոլոր կատեգորիաներով ունեցել են 10 տոկոսի խնայողություն՝ առանց որևէ ապրանքատեսակից հրաժարվելու։
Նկատենք, որ ԶՈւ-ում տարիներ շարունակ տիրող կոռուպցիայի, չարաշահումների մասին գիտեին շատերը։ Ավելին՝ այդ մասին ժամանակին բաց տեքստով խոսել էր անձամբ Սերժ Սարգսյանը։ Ցավոք՝ թալանի, կոռուպցիայի դրսևորումների մասին «ճոռոմ» ելույթները սահմանափակվում են միայն մի քանի փոքր և միջին չինովնիկների նկատողություններով կամ հեռացումներով, ովքեր, ներգրավված լինելով դրանում, հիմնականում կատարել են առավել «մեծ ձկների» հանձնարարությունները: Իսկ համեմատաբար բարձր պաշտոններ զբաղեցնող և «իշխանության վայելքներից» օգտվողները, ում «խրախճանքը» բացահայտվում է, «ստիպված են լինում» սեփական դիմումների համաձայն լքել զբաղեցրած պաշտոնները: Եվ ընդհանրապես, եթե չլիներ Ապրիլյան պատերազմը, դժվար է ասել՝ արդյո՞ք իշխանությունները կսթափվեին ու ձեռնամուխ կլինեին բացահայտումների՝ փորձելով պատժել այդ չարաշահումների անմիջական մասնակիցներին, թե՞ իրավիճակն, այնուամենայնիվ, կընթանար իր սահուն ընթացքով։
Վիգեն Սարգսյանի մյուս ուշագրավ հայտարարությունը վերաբերվում էր իր հետագա պաշտոնավարմանը: Սարգսյանը շնորհակալ կլինի իր թիմից, եթե 2018-ից հետո իրեն աշխատանքը շարունակելու հնարավորություն ընձեռվի: Վերջին շրջանում Վիգեն Սարգսյանի շուրջ ստեղծված վիճակը նրա համար քննություն էր, ու թեեւ նրան նախարար նշանակելիսՍերժ Սարգսյանը հայտարարում էր, որ եկել է ռազմա-քաղաքական դիվանագիտության աշխուժացման ժամանակը, այդուհանդերձ, Վիգեն Սարգսյանի համար կարծես թե գլխավոր քննությունը դառնում է կամ կարող է դառնալ «ներքաղաքական դիվանագիտությունը»: Ընդհանրապես, «Ազգ-բանակ» հայեցակարգի քաղաքական հարթության վրա Վիգեն Սարգսյանի շարժառիթներից մեկն էլ ընդհանուր իշխող համակարգից հնարավորինս «անկախանալն» էր: Արձանագրենք, որ դա նրա մոտ այդպես էլ չստացվեց: Հետևաբար, այս պահին դժվար է ասել՝ որքանով Վիգեն Սարգսյանին կհաջողվի ստանալ Սերժ Սարգսյանի աջակցությունը 2018-ի իշխանական հնարավոր հավակնությունների համատեքստում: Դա, անշուշտ, կլինի Վիգեն Սարգսյանի վերջին քննությունը:
Ստելլա Խաչատրյան