Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Մարզպետարանում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե մարզում քանի՞ հեկտար կաթիլային ոռոգվող տարածք կա և քանի հակակարկտային կայան, սակայն մարզպետ Գարիկ Սարգսյանը տվյալների չէր տիրապետում: Փաշինյանը նկատեց, որ ամեն օր խոսում են խնդիրների մասին, հավաքվել են գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չեն տիրապետում, իսկ մարզն այս տարի կարկուտից տուժել է:
 
Փաշինյանի զայրույթը իհարկե արդար է, վարչապետ մարդը հասել է մարզ հույս ունենալով այստեղ ևս հետհեղափոխական Հայաստանի թավշյա հաջողություններով հպարտանալու առիթներ գտնել, իսկ փոխարենը բախվում է ոչ կոմպետենտության բացահայտ դրսևորման՝ այն էլ ամենաբարձր մակարդակում: Եվ խնդիրը այստեղ բնավ էլ երիտասարդ մարզպետի ազգանունը չէ՝ ինչպես կարող են ենթադրել շատերը, ոչ էլ մաթեմատիկայի հանդեպ նրա հնարավոր հակակրանքը՝ դեռ դպրոցական տարիքից, պարզապես այս ընթացքում Գարիկ Սարգսյանը նախընտրել է զբաղվել ավելի շոշափելի խնդիրներով՝ քան ժամեր շարունակ թվերի ծանոթանալն է: Ո՞ւմ են պետք թվերը, երբ կարելի է մարզի բնակչության համար իրականացնել այնքան կենսական ծրագիր , ինչպիսին է Դաշտավանում կոկորդիլոսաբուծարանի հիմնումը: Փատորեն՝ Թանզանիայի վերածելու հայրենիք այնուամենանիվ ունենք...
 
Կամ ո՞վ ասաց, որ տարեց ուսուցիչներին աշխատանքից ազատելը պակաս կարևոր գործ չ, ահա և մարզպետը լծվել էր այդ «ազգանվեր» գործին և մի փոքր մոռացել՝ ինչի համար ենք բոլորս այստեղ հավաքվել: Սարգսյանի ղեկավարումից տպավորություն է, որ նա այդպես էլ գյուղապետի կաշվից դուրս չեկավ և Փաշինյանը այսօր ինքն իրեն պետք է տա այդ հարցը՝ իսկ արդյո՞ք հարկավոր էր տրվելով միտինգային տրամադրություններին մարզպետի պաշտոններ բաշխել համապատասխանաբար՝ այդ միտինգների ժամանակ թավշյա ամենաթեժ կենացները բարձրացողներին: Այսօր էլ Փաշինյանը քաղում է իր կադրային քաղաքականության պտուղները, իսկ ինչ վերաբերվում է Արարատի մարզին՝ ըստ երևույթին շուտով այստեղ քաղելու ոչինչ չի մնա…
 
Ամեն դեպքում կասկածից վեր է, որ Փաշինյանի՝ «ովքեր դժվարանում են բան ասել, թող աշխատանքից ազատվելու դիմում գրեն» հայտարարությունից հետո Արարատում «մարդա վատացել»…