Հայաստանում Covid-19 համավարակի դեմ պատվաստվածների քանակը շարունակում է անչափ փոքր մնալ: Այդ հանգամանքը առավել ցայտուն է երևում, երբ համեմատում ենք տարածաշրջանի մյուս երկրների պատվաստված քաղաքացիների տոկոսի հետ:
Դիցուք՝ Վրաստանի բնակչության 35 տոկոսը պատվաստված է, դա են վկայում Վրաստանի առողջապահության նախարարության կազմում գործող Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի կողմից այսօր հրապարակված տվյալները։ Կենտրոնի տեղեկություններով` այս պահին երկրի տարածքում պատվաստվել է 1 միլիոն 326 հազար մարդ, որոնցից 480 հազարն՝ ամբողջությամբ։
Ադրբեջանում պատվաստվել է բնակչության 45,38 % -ը:
Հայաստանում մինչ օրս պատվաստվել է բնակչության ընդամենը 8 տոկոսը, և դա այն դեպքում, երբ վերջին ընտրությունների ժամանակ իշխանությունները, որոնք այսօր զբաղվում են պատվաստվելու լոբբինգով, ստացել են ընտրելու իրավունք ունեցող բնակչության 54 տոկոսի քվեն: Ստացվում է, որ այսօր իշխանություններին և վերջիններիս առողջապահական համակարգին չեն վստահում անգամ ՔՊ-ին ամիսներ առաջ ձայն տված քաղաքացիները: