Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցը կարելի է ամփոփել ընդամենը մեկ նախադասությամբ՝ փոխըմբռնում կա: Այս փաստը, թերևս, ամենակարևորն է թավշյա հեղափոխությունից հետո, նման տրամաչափի առաջին քաղաքական լիդերի ընդունող Նիկոլ Փաշինյանի համար: Անչափ կարևոր է այն ըմբռնումը, որը կձևավորվի կամ չի ձևավորվի արևմտյան գործընկերների մոտ՝ նոր կառավարության որդեգրած քաղաքական ոճի հանդեպ:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ չնայած Փաշինյանի հավաստիացումներին, թե Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական ուղեգիծը և, առավել ևս, մեկ գործընկերոջ հետ չվարել քաղաքականությունը, որի նպատակն է հակակշռել մեկ այլ գործընկերոջը, այնուամենայնիվ, Արևմուտքը, մասնավորապես ՝ ԵՄ երկրները դեռևս պահպանում են առողջ քաղաքական սկեպտիցիզմը: Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի նոր կառավարությունը չի շտապում վերանայել ՌԴ հետ հարաբերությունների մի շարք ասպեկտներ, ինչն էլ շարունակում  է մտահոգիչ թվալ մեր արևմտյան գործընկերների համար:

 

Գուցե դա է պատճառը, որ Գերմանիայի կանցլերը Հայաստանի գործընկերոջը հասկացրեց՝ նույն վերաբերմունքը որին արժանացել են Վրաստանը կամ Ուկրաինան, Հայաստանը չպետք է ակնկալի: Հետևաբար, մոտ ժամանակներս Հայաստանը չի ստանա նաև շոշափելի տնտեսական աջակցություն, ինչպիսին, օրինակ, տրամադրվում  է Վրաստանին:  Դժվար թե մեկ այցի ընթացքում Անգելա Մերկելը հասցներ ծանոթանալ Փաշինյանի «եվրոպական քաղաքականության» որոշակիորեն խմբագրված օրակարգին, եթե այդպիսին, իհարկե, կա: Այդ իսկ պատճառով՝ այս պատմական այցը կարելի է անվանել  ընդամենը  ճանաչողական, իսկ թե ինչպես կզարգանան երկկողմ հարաբերությունները,  կախված է ոչ այնքան Գերմանիայից և ԵՄ անդամ մյուս երկրներից, որքան Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից: Ի դեպ՝ ԵՄ պայմանագրի իրագործումն ակնհայտորեն դանդաղում է: Այդ գործընթացին նոր տեմպի հաղորդումը կարող էր դրական ազդակ դառնալ Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Մերկելի այցի գլխավոր դրական արդյունքը կարելի է համարել ԵՄ հետ վիզաների ազատականացման մասով կանցլերի տված խոստումը, այն է՝ Գերմանիան անելու է ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ ընթանա:

 

Ոչ պակաս ուշագրավ է հայկական վերլուծական շրջանակների այն տեսակետը, թե կանցլերի տարածաշրջանյան այցի գլխավոր դրական ազդակը Հայաստանի համար կհնչի Բաքվից: Որոշ շրջանակներ հույս ունեն, որ Մերկելը Ալիևին Արցախյան հարցով զսպվածության կոչ կանի: Նման տեսակետ հայտնողները թերևս ծանոթ չեն Մերկելի Հարավային Կովկաս այցի քաղաքական օրակարգին: Ադրբեջանում ֆրաու կանցլերը քննարկելու է ողջ Եվրամիության համար անչափ նուրբ՝ գազի հարցը: Խնդիրը նրանում է, որ ԵՄ-ն ցանկանում է թուլացնել կախվածությունը ռուսական գազից, և փորձում է գտնել այլընտրանքային, ոչ այնքան թանկ շուկաներ: Հետևաբար, պարզից էլ պարզ է, որ Բաքվում Մերկելը առաջ է տանելու ԵՄ, այլ ոչ թե Հայաստանի և Արցախի շահերը, հատկապես այն պարագայում, երբ ԵՄ-ն մշտապես ձգտել է  չեզոքություն պահպանել այս հարցում: