Այսօր «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ հակամարտությունը կարող է լուծվել միայն Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման սկզբունքի վրա: Այսինքն՝ միջազգային իրավունքն ինչպես է տեսել Հայաստան-Ադրբեջան սահմանը՝ Ազգերի լիգայի համապատասխան որոշումների համաձայն:
«Հարցը կարող է նաև ռազմական լուծում ունենալ, սակայն գոնե այս պահին՝ չենք կարող Ադրբեջանին ջախջախել վերջնականապես, ինքն էլ մեզ չի կարող ջախջախել: Տարբերակներից մեկն Ադրբեջանի թուլացումն է՝ ներսից»,- ասաց Պապյանը:
Քաղաքագետը վերհիշեց նաև, որ բազմիցս երկրի բարձագույն ղեկավարությունը վերահաստատել է տարածքների վերադարձի պատրաստակամությունը, ուղղակի Ադրբեջանն ինքը չի համաձայնվել: Իսպառ պետք է բացառել նման մոտեցումները՝ մեր հասարակական, քաղաքական քննարկումներում:
Արա Պապյանը նկատում է նաև, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանն ընկալում է ոչ թե որպես Ղարաբաղի հակամարտություն, այլ՝ հայ-թյուրքական:
«Միակ գործնական խնդիրն այն է, որ պետք է աշխատել Ադրբեջանի թուլացման վրա, հատկապես հիմա՝ դրա նախադրյալները բավականին նպաստավոր են, այսինքն՝ նավթի գնի անկումը և բյուջեի փոքրացումը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները՝ Ադրբեջանին հնարավորություն չեն տալիս տարբեր երկրների էլիտաներին պարզապես փողով առնել և բերանները փակել: Խնդիրը բավականին սուր է, մյուս կողմից՝ բացի Հայաստանից, այլ երկրներ ևս սկսել են այդ ուղղությամբ ակտիվանալ, ինչը կարող է մեզ օգնել»,- իր խոսքն ամփոփեց Արա Պապյանը: