Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Այդ մասին Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը, անփոխարինելի հարստությունը, որ մեր խրոխտ զինվորներն ու սպաներն են: Ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր սպաներն ու մարզպետները: Բանակային փորձառություն+որակյալ կրթություն' սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր, բոլորիս աչքի առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սարգսյանը:

 

ՀՀ Նախագահի խոսքով՝ մեզնում ձևավորվել է նաև հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ, ինչը նախկինում չկար: «Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է' կյանքում հաջողակ լինելու մասին»,- ասաց ՀՀ Նախագահը' ավելացնելով, որ ՀՀԿ-ի շարքերը համալրած պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սպաների, հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացը կատարելագործելու համար: «Ընդհանրապես, բանակը պետք է դառնա և ես վստահ եմ' շատ արագ դառնալու է արդարության չափանիշ մեր հասարակության մեջ, համենայն դեպս մեր բոլոր քայլերը դրան են ուղղվելու: Ավելին, պետական բոլոր օղակները շատ ավելի ուշադիր պետք է լինեն և ընդգծված առաջնայնություն պետք է տան տարբեր խնդիրներ լուծելուն ուղղված մեր զինվորականներից, մեր սպաներից, մեր ժամկետային զինվորների ծնողներից ստացվող դիմումներին և հայտերին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

 

Խոսելով պաշտպանության նորանշանակ նախարարի մասին՝ ՀՀ Նախագահն ավելացրեց, որ Վիգեն Սարգսյանը վատ չէ սկսել իր աշխատանքը: «Մենք երկար քննարկել ենք մեր զինված ուժերին վերաբերող շատ հարցեր և պայմանավորվել, որ կարճ ժամանակահատվածում, բացի բանակի մարտունակության հետ կապված ընթացիկ խնդիրներից, որոնք պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում լինեն, պետք է ընդգծված առաջընթաց կարողանանք արձանագրել գնումների ոլորտում, ռազմական կրթության, ռազմաբժշկական հաստատությունների աշխատանքում: Այսօր Հայաստանի ԶՈՒ-ի ռազմատեխնիկական , տեխնոլոգիակած և կադրային արդիականացման միջոցով մենք ձևավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծը և զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու»,- շեշտեց ՀՀ Նախագահը: