Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Քննարկման է ներկայացվել «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Կարևորելով նախագիծը՝ նա հայտարարեց, որ առաջին հերթին այն սահմանադրական օրենք է, որը սահմանում է կուսակցությունների գործունեության հետագա տեսալականը: «Մի կողմից այս օրենքն իր բովանդակությամբ այնպիսին չէ, որ կանխորոշում է ընտրություններից առաջ կուսակցությունների դերակատարումը, բայց մյուս կողմից՝ իրականում այն որոշակի դերակատարություն ունի այն տեսակյունից, թե մենք ինչ պահանջներ ենք ներկայացնում կուսակցությունների համար»,- ասաց նա;
Ա. Հովհաննիսյանը հավաստիացրեց նաև, թե օրենքն ուղարկվել է միջազգային փորձաքննության և դրա վերաբերյալ գնահատականները կլինեն առաջիկայում:
Նախարարի խոսքով՝ առաջին և դրական փոփոխությունը, որը տեղ է գտել նախագծում, այն է, որ կուսակցությունը գրանցման պահին պարտավոր է ունենալ 200 անդամ, իսկ այնուհետև, 6 ամսվա ընթացքում, այդ թիվը պետք է հասնի 2 հազարի: «Ճի՞շտ է արդյոք այս դրույթը: Ես կարծում եմ, որ՝ ո՛չ: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղի ենք բռնել կուսակցությունների զարգացման տեսլականի համատեքստում՝ այն առումով, որ անդամների թվաքանակի ստուգումը կամ պետության կողմից վերահսկողական մեխանիզմների կիրառումը կուսակցությունների նկատմամբ՝ այդքան էլ ճիշտ չէ: Հիմա մենք տալիս ենք ձևակերպում, որ կուսակցությունը հիմնադրման պահին պետք է ունենա 100 անդամ, իսկ հետո 6-ամսյա ժամկետում, երբ կուսակցությունը կներկայացվի գրանցման, ունենա 1000 անդամ: Ես կարծում եմ, որ սա մեղմացում է այն տեսանկյունից, որ գրանցումից հետո որևէ մեկը կուսակցության նկատմամբ վերահսկողություն չի սահմանելու»,- ասաց նա:
Գործող օրենքի համաձայն՝ կուսակցությունը գրանցումից հետո ոչ ուշ, քան 6 ամիս հետո՝ պիտի տարածքային ստորաբաժանումներ ստեղծեր հանրապետության ողջ տարածքում, ինչը նշանակում է, որ պետական լիազոր մարմինը՝ արդարադատության նախարարությունը, պիտի, ըստ էության, ստուգեր՝ արդյոք կուսակցությունը 6 ամիս անց իրականացրե՞լ է այդ գործունեությունը, թե՞ ոչ: «Այս դրույթն էլ նպատակահարմար չենք համարել, ուստի առաջարկել ենք, որ կուսակցությունը տարածքային ստորաբաժանումներ ունենա կամ Երևանում, կամ մարզային ստորաբաժանումներ՝ մարզերի առնվազն 1/3-ում, կամ Երևանի ու մարզերի 1/3-ում: Մեր խորին համոզմամբ՝ սրանով հնարավորություն է ստեղծվում, որ կուսակցությունն իր հավակնությունները ներկայացնի նախ տարածքային կառավարման մակարդակում, այնուհետև՝ համապետական մակարդակում»,- հավելեց հիմնական զեկուցողը:
Բացի այդ՝ գործող օրենքը ենթադրում է նաև մի պահանջ, ըստ որի՝ եթե կուսակցության կանոնադրությունը կամ հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրական պահանջներին, ապա կուսակցության գրանցումը մերժվում է:
«Այլ հարց է, որ կուսակցությունների հետ աշխատանքն այդպես չի տարվում, քանի որ եղել են դեպքեր, երբ բացառապես օրենքի պահանջներին համապատասխան՝ կուսակցության գրանցումը մերժվել է, սակայն գնահատականները եղել են քաղաքական: Եղել են հայտարարություններ, որ դա քաղաքական պատվեր է և այլն, ինչն էլ հանգեցրել է կուսակցության չգրանցման: Դրա համար մենք այս նախագծում տարանջատում ենք մտցրել և հստակ ներկայացրել ենք այն բացառիկ դեպքերը, երբ կուսակցության գրանցումը կարող է մերժվել: Այդ հիմքերը բխում են բացառապես Սահմանադրությունից: Իսկ Սահմանադրության 46-րդ հոդվածում կա ձևակերպում, որ օրենքով այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում, հակասահմանադրական են և ենթակա են արգելման՝ սահմանադրական դատարանի որոշմամբ: Դրա համար մենք նշել ենք, որ կուսակցության գրանցումը կարող է մերժվել այն դեպքում, եթե այդ կուսակցության ծրագիրը միտված է սահմանադրական կարգի բռնի տապալմանը, եթե կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենքի պահանջներին կամ հիմնադիր համագումարում կուսակցություն ստեղծելու մասին որոշում չի կայացվել»,-եզրափակեց նա: