Գեղարքունիքի մարզի ջրափրկարարները շարունակում են Սեւանա լճում 2016 թվականի հոկտեմբերի 31-ից անհետ կորած ձկնորս Աբրահամ Կյուրեղյանի որոնումները: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, վերջին օրերի արեւոտ ու առանց քամու եւ ալեկոծության ընթացող եղանակային պայմանները փրկարարներին հնարավորություն են տալիս՝ շարունակել որոնողական աշխատանքների ծավալումը ամենատարբեր ուղղություններով:
«Մոտ մեկ ամսվա ընթացքում որոնողական աշխատանքները դադարել են աննշան ընդմիջումներով՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Այսօր որոնումները դադարեցված են տեսախցիկի խափանման պատճառով, իսկ վաղվանից դրանք կվերսկսվեն: Որոնումներն իրականացնում ենք ափից մոտ 10 կիլոմետր հեռավորությամբ եւ ավելի քան 30 մետր խորությամբ՝ աստիճանաբար եւ տարբեր ուղղություններով ավելացնելով շրջանակը»,-հավաստեց վարչության պետի տեղակալը:
2016 թվականի հոկտեմբերի 31-ին Սեւանա լճում ձկնորսություն կատարելիս անհետ կորել էին Նորատուս գյուղի բնակիչներ Արեւշատ Առաքելյանը եւ Աբրահամ Կյուրեղյանը: Փրկարարների ջանքերի շնորհիվ հայտնաբերվեց Արեւշատ Առաքելյանի դին, իսկ ահա Աբրահամ Կյուրեղյանի որոնումներն առայժմ շարունակվում են անարդյունք:
Խոսրով Խլղաթյան