Դատապարտյալ ընկերներ ունեմ, որոնց աչքները «ջուր կտրեց»՝ համաներման սպասումով։ Նրանք համոզված են կամ նրանց համոզել են, որ համաներումը ուշանում է՝ «Սասնա ծռերի» մեղքով, ավելի ստույգ՝ այն պատճառով, որ իշխանությունները չեն կողմնորոշվում՝ խմբի անդամներից ում ազատ արձակեն, ում՝ ոչ։

Այս առումով՝ «Սասնա ծռերը» կրկնակի «բեռ» են դարձել։ Նրանց գործի բերումով՝ սպասվող համաներումն ուշանում է, քաղաքականացվում է։ Իշխանության «ձեռագիրն» այստեղ նույնպես անփոփոխ է՝ «ցեց» գցել նույնիսկ մարդկանց մեջ, ովքեր պետության մարդասիրության կարիքն ունեն։ Պատահական չէ, որ Արարատ Խանդոյանը պահվում է անմարդկային պատժախցում՝ իշխանության քինախնդրության, բախտակիցների անտարբերության ցցուն դրսեւորմամբ։

Գուցե համաներում չլինի էլ, բայց «Սասնա ծռերի» հարցին ինչ-որ լուծում տալ է պետք։ Ես այդ տղաներին չեմ հերոսացնում, ոչ էլ՝ քաղաքական հալածյալներ եմ համարում։ Բայց նրանք՝ հաստատ քաղաքականության զոհերն են։ Իշխանության տարիների քաղաքականության, նրանց հակադրվողների անհեռանկար արկածախնդրության։ Ես գիտեմ, որ հիմա հայտնվելու եմ իշխանությանը քծնողների եւ իշխանությանն ատողների «խաչաձեւ» քննադատության կիզակետում, որովհետեւ խոսքս շաբլոն չէ ու չի տեղավորվում կայունության ջատագովների ու հեղափոխության մունետիկների սահմանած «սեւի ու սպիտակի» երկընտրանքում։

Եթե իրավական երկիր լինեինք, հարցերի լուծումները կփնտրեինք դատարաններում, որոնք, սակայն, այսօր՝ ոչ թե արդարության աղբյուր, այլ գերեզման են։ Ուրեմն, պետք չէ սոփեստություն անել ու «Սասնա ծռների» հարցի լուծումն անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծումների դաշտում։ Հակաիրավական բան եմ ասում, բայց, ի վերջո, ես կամ որեւէ մեկը մեղավոր չենք, որ արդարադատությունը Հայաստանում կայացած չէ՝ թրեւ գալով իշխանության «պոռնիկի» կարգավիճակում։ Իշխանություններն այնպիսի լուծում պետք է գտնեն, որպեսզի չնսեմացվի նահատակված ոստիկանների հիշատակը, չխրախուսվի բռնությունը, մյուս կողմից՝ «թացն ու չորը» չխառնվեն իրար ու «Սասնա ծռերը» չդառնան երկարատեւ բանտարկության հոմանիշ։

«Սանա ծռերը» քաղաքականության զոհերն են, մի կողմից՝ իշխանության անպատասխանատու եւ անորակ քաղաքականության, մյուս կողմից՝ «միայն զենքով կա հային փրկություն» արկածախնդիր մտայնության հետեւանքն են։ Հենց իշխանությունն ու նրան «կացնային» եղանակով հակադրվողները պետք է կրեն իրական պատասխանատվությունը՝ քաղաքականության վերանայման, քաղաքական լուծումների, նաեւ՝ քրեական պատասխանատվության դաշտում։ Մյուս «ծռերը» չպետք է դառնան հաշվեհարդարի զոհ՝ հնարավորություն ստանալով իրենց հայրենասիրությունը ռեալիզացնել քաղաքացիական կյանքում։


Սարգիս Հակոբյան