ՀՀ իշխանությունները հասան իրենց ուզածին. «Նաիրիտ» գործարանը դատարանի որոշմամբ սնանկ ճանաչվեց: 2017 թվականի հունվարի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գործարանի սնանկության գործով դատական հերթական նիստը: ՍակայնԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին՝ նույն դատարանում տեղի է ունեցել արագացված դատական նիստ: Նույեմբերի 16-ին կողմերը ծանուցվել են դատական նիստի օրվա փոփոխության հետ: Թե որն է եղել դատական նիստն առաջ գցելու պատճառը, հայտնի չէ:
Նշենք, որ «Նաիրիտ»-ին դատի էր տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ պահանջելով գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները: Դատավոր Արմեն Չիչոյանը բավարարել է հայցվորի դիմումը և գործարանը սնանկ է ճանաչել:
Դատարանը որոշել է «Նաիրիտ գործարան ՓԲԸ-ին» ճանաչել սնանկ։
Ըստ դատական ակտի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից՝ հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, և այն որպես դատական ծախս գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված «դ» հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ 15 օրվա ընթացքում։
Մի քանի հանգամանք նշենք. անհասկանալի է, թե ինչու միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատականող «ՀԷՑ»-ին որպես գործիք օգտագործեցին, քանի որ հենց ՀԷՑ-ն էր 2015 թվականից դիմել դատարան՝ գործարանը սնանկ ճանաչելու պահանջով: Ուշագրավ է, որ նման վճիռ է կայացվել այն ժամանակ, երբ եվրոպական ընկերության կողմից ներկայացվել էր առաջարկ՝ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար, Էներգետիկայի նախարարության կողմից հայտարարվել էր մրցույթ՝ մինչև 2017թ-ի հունվարի 20-ը առաջարկներ ներկայացնելու պայմանով և հանկարծ՝ օգտագործում են Սամվել Կարապետյանի ազդեցությունը «ՀԷՑ»-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ՝ «Նաիրիտ»-ը շտապ կարգով սնանակացելու գործում:
Հարց է առաջանում՝ ում էր ձեռք տալիս սա, բայց փաստ է, որ ՀՀ իշխանությունները և նոր Կառավարությունը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, շատ արագ լուծեցին «Նաիրիտ»-ի հարցը: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ գործարանի վերագործարկումով շատերի համար լուրջ խնդիրներ կառաջանային: Եվ միակ հարմար տարբերակը գործարանն արագ սնանկ ճանաչելն էր: Դրանից հետո ոչ մի ընկերություն կամ անհատ ներդրում չի կարող կատարել: Հայաստանի երբեմնի հսկայի պատմության վերջին էջը ՀՀ իշխանությունները փակեցին վարչապետ, նորաթուխ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի թեթև ձեռքով :
Դատարանի վճռի բովանդակությանն ամբողջությամբ՝ կարող եք ծանոթանալ այստեղ:
Քրիստինա Աղալարյան