Գաղտնիք չէ, որ հասարակության ամենախոցելի հատվածներից մեկը Հայաստանում համարվում է գյուղացիությունը: Չնայած կարող է խիստ պարադոքսալ թվալ այն իրողությունը, որ երկրում հիմնական բարիք ստեղծող, մի ողջ երկիր կերակրող գյուղացիության բացարձակ մեծամասնության սոցիալական վիճակը խիստ ծանր է, փաստ է, սակայն, որ հենց այս շերտի ներկայացուցիչներն են մեր երկրում ամենից հաճախ ստիպված լինում բախվել այն բոլոր անարդարություններին ու փորձություններին, որոնց բացարձակ մեծամասնությունը արհեստածին է, տարրական անտարբերության հետևանք:
Կարապետյանի վարչապետության հենց սկզբում, երբ վերջինս բոլորովին նոր էր ստանձնել ՀՀ վարչապետի բարձր պաշտոնը, ֆինանսական համակարգում տեղի ունեցավ մի տեղաշարժ, գրեթե անհավատալի իրադարձություն, որով փորձ էր արվում որոշակի աշխուժություն հաղորդել տնտեսությանը. Արթուր Ջավադյանի կողմից ղեկավարվող պետական կառույցը՝ ՀՀ Կենտրոնական բանկը, սեպտեմբերի 27-ին 0.5%-ով իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մոտ 20 օր անց էլ՝ ևս 0.25%-ով: Պետք է խոստովանել, որ ԿԲ կողմից այս առատաձեռն քայլը շատ տնտեսագետներ մեծ ուրախությամբ ընդունեցին՝ համարելով այն իրական առհավատչյա՝ երկրի տնտեսական կյանքում աշխուժություն մտցնելու, բիզնես մթնոլորտը բարելավելու. փողն էժանանում էր, ու ենթադրվում էր, որ հայաստանյան բանկերը պետք է այլևս հնարավորինս էժան վարկեր հատկացնեին ազգաբնակչությանը, բիզնեսին՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով հանդերձ:
Չնայած ոմանք կարող են պնդել, թե այդ «ճակատագրական» օրվանից դեռևս բավարար ժամանակահատված չի անցել, որպեսզի հնարավոր լինի հիմնավոր գնահատականներ հնչեցնել դրա թողած ազդեցության վերաբերյալ, բայց միայն այն հանգամանքը, որ բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները ոչ թե նվազում են, այլ՝ բարձրանում, կարող է վկայել միայն այն մասին, որ կառավարության ակնկալած տնտեսական դրական էֆեկտն այդպես էլ չստացվեց. այն բոլոր առավելություններից, որոնք ի հայտ են եկել ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելու որոշումով պայմանավորված, փաստացի օգտվում են ոչ թե, ասենք, նույն գյուղացիները, որոնց գերակշիռ մեծամասնությունն, ինչպես հայտնի է, գոյատևում են հենց բանկերից վերցրած վարկերի շնորհիվ, այլ՝ բանկերը՝ գերշահույթներ ապահովելով իրենց համար: Արդյունքում ստացվում է, որ կրկին տեղի է ունենում համաժողովրդական մասշտաբների թալան՝ այս անգամ, պարզապես, բանկերի ուղղակի մասնակցությամբ:
Եվ ուրեմն՝ ի՞նչ է ստացվում, մի՞թե ոչ այն, որ իշխանությունների «հերոսական» քայլը՝ ֆինանսավարկային քաղաքականությունն իբր բարեփոխելու, այն մարդկանց համար ավելի ընկալելի դարձնելու, վերածվել է իսկական պատուհասի, ու սպասված արդյունք տալու, տնտեսական աշխուժություն մտցնելու փոխարեն՝ վերածվել է թալանի հերթական գործիքակազմի՝ այս անգամ արդեն երկրի ֆինանսական գուրուների ձեռքին...
Թե մինչև երբ է շարունակվելու այս անհեթեթ իրավիճակը, կամ մինչև երբ է կառավարությունն «աչք փակելու» բանկերի կողմից վարվող այսօրինակ թալանչիական քաղաքականության վրա, դեռևս, ցավոք, պարզ չէ, բայց այն, որ ՀՀԿ «ռեբրենդինգի» վրա այս ամենը չի կարող բացասական ազդեցուևթյուն չունենալ, անկասկած է. վաղուց ժամանակն է՝ խոստումներից անցում կատարելու ռեալ գործերի:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ