Մինչ հայաստանյան հանրության ուշադրությունը հիմնականում շարունակում է սևեռված մնալ երկրում ծավալվող բավական հետաքրքրաշարժ, բայց հետզհետե սովորական դարձող իրադարձությունների ուղղությամբ, արտաքին ճակատում գործերը կարծես այնքան էլ լավ չեն ընթանում. միառժամանակ առաջ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25%-ը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում:
Հատկանշական է, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: Նման հեռանկարը, պետք է նկատել՝ խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար հատկապես այն պատճառով, որ, ինչպես արդեն իսկ հայտնի է դարձել, գազատարն ամբողջությամբ գնելու մտադրության մասին հասցրել է բարձրաձայնել ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը: Ու եթե հանկարծ այնպես ստացվի, որ գազատարը դառնա ադրբեջանցիների սեփականությունն, ապա առանձնակի վառ երևակայություն պետք չէ ունենալ՝պատկերացում կազմելու համար, թե այդ դեպքում ինչպիսի մարտահրավերների առաջ կարող է կանգնել Հայաստանը. փաստացի կստացվի, որ մեր երկիրի տնտեսությունը պատանդ է դառնալու ադրբեջանցիների ձեռքին, իսկ վերջիններս էլ՝ ինչպես ցանկանան, այնպես էլ կարող են վարվել: Ճիշտ է՝ դեռևս խոսվում է այն մասին, որ իրադարձությունների զարգացման այսօրինակ սցենարը քիչ հավանական է, բայց միայն այն, որ այս ամենը չի կարելի բացառել, ի հայտ է բերում հայկական կողմի ողջ խոցելիությունը' ստեղծված անբարեհույս իրավիճակում:
Այն, որ մեզանում դիվանագետի աշխատանքը պետականորեն երբեք ու երբեք ըստ արժանվույն չի կարևորվել ու չի գնահատվել, նորություն չէ. շատ հաճախ դիվանագիտական առաքելությունների են գործուղվում մարդիկ, ովքեր քիչ աղերսներ ունեն դիվանագիտության' որպես երևույթի հետ, ու մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում դեսպան են նշանակվել բացառապես առանձնահատուկ ձիրքերի ու մասնագիտական հմտությունների շնորհիվ:
Թե հատկապես ինչպես կարող էր պատահել, որ Յուրի Վարդանյանի պես մեկն, ով, անկեղծ լինենք, մղոններով հեռու է գտնվում դիվանագիտությունից, դառնար Վրաստանում ՀՀ դեսպան, այնքան էլ հասկանալի չէ: Երևի թե դժվար կարելի է գտնել երկրորդ նմանատիպ մեկին, ով այնքան հեռու լինի դիվանագիտությունից, որքան այս մարդն է, ինչի բնական հետևանքը ներկայիս հայ-վրացական անհասկանալի հարաբերություններն են: Ու հիմա բանից պարզվում է' մինչ ազերիները հաջողությամբ փորձում են փաստի առաջ կանգնեցնել հայաստանցիներիս Վրաստանի միջոցով, ու վերջինիս հայակործան այս ծրագրին մասնակից չդարձնելուն ուղղված դիվանագիտական անհրաժեշտ աշխատանքներ տանելու կարիք է զգացվում, Յուրի Վարդանյանը նույնիսկ Վրաստանում էլ չէ, այլ, ինչպես նշում են որոշ աղբյուրներ, առողջական խնդիրների պատճառով գտնվում է երկրից դուրս' բուժում ստանալու նպատակով: Այսինքն' մինչ Հայաստանի տնտեսությունը փաստացի կապիտուլացվում է, մարդն այդ ընթացքում կազդուրվում է աշխարհի առաջատար առողջարաններում:
Ցավոք, այլևս ստիպված ենք ամրագրել, որ իշխանությունների անտարբեր վերաբերմունքն ու իրեն սպառած քաղաքականությունը՝ դիվանագիտական առաքելությունների ուղարկելու մարդկանց, որոնք նույնիսկ սույն բառի ծագումնաբանությանը տեղյակ չեն, տալիս է իր դառը պտուղներն, ու Հայաստանն այսօր այլևս «կանգնել է կոտրած տաշտակի առաջ», մի փաստի, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ