ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ցավով տեղեկացա հայկական ծանրամարտի լեգենդի' աշխարհահռչակ մարզիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանի անցած փառահեղ մարզական ուղին օրինակ է ծառայել հազարավոր երիտասարդ մարզիկների համար, ովքեր իրենց գործունեության ընթացքում ընդօրինակել են լեգենդար մարզիկի փորձն ու ձգտել նմանվել նրան:
Նա յուրօրինակ նշաձող էր սահմանել հայկական սպորտում և դարձել անպարտելիության ու սպոտային բարձունքների նվաճման անգերազանցելի էտալոն: Տասնամյակներ շարունակ Յուրի Վարդանյանի հաղթանակները աննկարագրելի հպարտության և հիացմունքի զգացողություններ են պարգևել համայն հայությանը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, հայ մարզաշխարհի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հայ մեծանուն ծանրամարտիկի՝ Յուրի Վարդանյանի հարազատներին, ընկերներին և բոլոր մերձավորներին, կիսում նրանց անդառնալի կորստի վիշտը և իմ անվերապահ զորակցությունը հայտնում նրանց: Հավե՛րժ հիշատակ»: