Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով նույնպես միացել է «Արդարություն հանուն Հայաստան»-ի ստորագրահավաքին, կարևորելով այն, հայտարարեց, որ այս քայլով հայկական սփյուռքն իր ձայնն է բարձրացնում Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ:
Նախաձեռնության անդամներն են ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և նշանավոր այլ գործիչներ, ովքեր կժամանեն Հայաստան՝ դիտարկելու 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրությունները։
«Դա նշանակում է, որ աշխարհի հայերը մտահոգված են Հայաստանում առկա խնդիրներով: Սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներից: Հուլիսյան դեպքերը մեզ համար դաս էին, որ մենք պետք է ավելի լուրջ քայեր ձեռնարկենք ու մեր մասնակցությունն ունենանք Հայաստանի ներքաղաքական կյանքում: Սա մեր առաջին քայլն է: Մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում զբաղվել են Հայաստանի քաղաքական ու տնտեսական հարցերով, դա չի հաջողվել, բայց այս ստորագրահավաքին այսօր միացել են մարդիկ, ովքեր իսկապես մտահոգ են Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրով»,- ասաց նա:
Սերժ Թանկյանն ընդգծեց նաև, որ սփյուռքին Հայաստանում միշտ դիտարկում են որպես բանկի, բայց մոռանում են, որ նրանք էլ ՀՀ քաղաքացիներ են և իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի ներքին կյանքին առնչվող հարցերին.
«Մենք միշտ ֆինանսապես օգնել ենք Հայաստանին, բայց ցավալին այն է, որ մեզ թույլ չեն տվել խառնվել հայաստանյան կյանքին առնչվող հարցերին: Այսօր երիտասադները լքում են Հայաստանը: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երիտասարդությունը երկրից չարտագաղթի»,- ասաց նա:
Թանկյանը շեշտեց նաև, որ այսօրվա երիտասարդության շրջանում նկատվում է որշակի անտարբերություն, ինչի վերաբերյալ ևս սփյուռքահայերն ունեն լուրջ մտահոգություն:
«Մենք ուզում ենք նաև նրանց ցույց տալ, որ մենք պատրաստ ենք աջակցել ու ասել, որ նրանց կօգնենք. մենք նրանց կողքին ենք»,- ասաց նա:
Արմինե Եփրեմյան