Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարությանը հորդորում է հետամուտ լինել, որպեսզի «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցները ստանան իրենց չվճարված աշխատավարձերը: Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին պատգամավորն ընդգծեց, որ կառավարությունը պետք է հաշվի առնի, որ «Աշտարակ-կաթ»-ի աշխատակիցները, որոնք 5 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, ունեն վարկային պարտավորություններ, ընտանիք պահելու խնդիր, ուստի նրանց իրավունքները պետք է մաքսիմալ պահպանել:
«Իհարկե, պոզիտիվ է, որ այդ ընկերությունում լիարժեք վերագործարկման պրոցեսներ են ընթանում, խոսվում է աշխատակիցների պարտքը մարելու մասին, բայց ես ուզում եմ ասել, որ 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա, ուստի հորդորում եմ կառավարությանն՝ այս թեման ուշադրության տակ պահել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հայտարարեց, որ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: «Կառավարությունն ուշադիր է, հնարավորությունների սահմանում հետամուտ է լինում աջակցության հարցերով: Կիսում ենք ձեր մտահոգությունը, որովհետև կան և՛ աշխատավարձի, և՛ մթերման խնդիրներ»,- շեշտեց Հերմինե Նաղդալյանը: