«Ես չեմ ասում՝ ՀՅԴ-ն անթերի է: Անթերի ուժ չկա, բայց մեր ջանքերով այսօր արդեն ունենք փոխված ընտրական համակարգ:

 

Այսօր քաղաքական համակարգում ստեղծվել են բոլոր այն նախադրյալները, որպեսզի մենք ունենանք նորմալ երկիր: Եվ անկախ նրանից, թե՝ ով ինչպիսի ներկայություն կունենա հաջորդ խորհրդարանում, մենք ունենալու ենք նոր Հայաստան: Հայաստանը փոխվելու է»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

Մեր դիտարկմանը՝ իսկ նոր Խորհրդարան ունենալո՞ւ ենք, «Դաշնակցություն»-ն ունի՞ այնպիսի ռեսուրս, որպեսզի կարողանա պայքարել «շմայսների», «լֆիկների» ու մյուս այս կալիբրի հանրապետականների դեմ, Ա. Ռուստամյանն ընդգծեց, թե «Դաշնակցության» այդ ռեսուրսը ժողովուրդն է, ով իր խոսքը կասի ընտրությունների ժամանակ: «Մենք խնդիրը անհատների ու անձերի հետ չենք կապում, բայց մենք կարծում ենք, որ կոշկակարը չի կարող գալ և պատգամավորություն անել: Մինչև հիմա դա եղել է, որովհետև աղավաղվել է ընտրական գործընթացը, որովհետև ամեն մեկին իր տեղը դնելու համակարգ չի եղել: Ամեն ինչ էլ փոխվելու է: Հավատացնում եմ ձեզ, որ հաջորդ տարի ունենալու ենք նաև նոր խորհրդարան, որը նոր որակ է հաղորդելու մեր երկրի զարգացմանը»,- ասաց պատգամավորը:

 

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նախկինում ժողովուրդը դժգոհում էր իշխանությունից, սակայն 80%-ի ձայնը բաժին էր հասնում իշխանություններին, իսկ այսօր այդ աննորմալ փաստը վերացվել է: «Այս ընտրություններից հետո Հայաստանը դառնալու է նորմալ, ժողովրդավարական երկիր, որտեղ ամեն մեկը ստանալու է այնքան ձայն, որը համապատասխանելու է իր վարկանիշին»,- եզրափակեց նա: